40-ՄԵՏՐԱՆՈՑ ԲՐԴՈՒՃՆ ԸՆԴԴԵՄ ԵՐԿԱԹԵ ԲՌՈՒՆՑՔԻ

Այստեղ տեղացիները «պողպատե մանդատ» են հանձնում Նիկոլին, այնտեղ՝ բռնազավթված Հադրութում, ադրբեջանցիները տեղադրում են «Երկաթե բռունցք» հուշարձան։ Տարօրինակ, մեղմ ասած՝ տհաճ զուգադիպություն…

Թեկուզ թավշե մանդատ, թեկուզ պողպատե, թեկուզ գրաֆենային. միևնույն է, այս իշխանությունը պատմության մեջ կմնա որպես Արցախը հանձնող, ժողովրդավարության բոլոր կանոններով այնքա՜ն գորովալից կառուցված Արցախի Հանրապետության հայկական պետականությունը փլուզող, որպես իշխանություն, որը զոհեց 5 հազար երիտասարդ կյանք և խեղեց 10 հազար տղաների, որը հպարտանում է իր ժողովրդի պարտությամբ ու նվաստացմամբ: Իհարկե, գրեթե յոթ հարյուր հազար մեր քաղաքացիների համար դա փաստարկ չէ, բայց փաստը մնում է փաստ։

Ակնհայտ է նաև, որ Նիկոլը մարմնավորում է նրանց, ովքեր ազգային արժանապատվության և ստամոքսի միջև (որպես կանոն՝ անուղեղության հետ մեկտեղ) ընտրում են երկրորդը, ովքեր տարբերություն չեն տեսնում սեփական եսի և պետական շահերի միջև։ Թեպետ, ասվածը հավասարապես վերաբերում է նաև այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր նախընտրեցին նստել տանը՝ «արդարացնելով» իրենց նրանով, թե մերժում են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերին։ Եվ օրերս Հադրութում ադրբեջանցիների կանգնեցրած «Երկաթե բռունցքը» դրա վառ մարմնավորումն է՝ Փաշինյանին հանձնված «արդարադատության սրի» և «պողպատե մանդատի» հետ մեկտեղ։ Ինչպես դիպուկ բնորոշել է Տիգրան Քոչարյանը. «Պողպատե տականքին» ձայն տված, ընդդիմադիր դաշինքներից ձայներ փոշիացրած իբր «հականիկոլականներ», «բոլորից զզվում ենք, տանը մնանք» անգիտակից խավ, ուշադիր նայեք։ Սա ձեր ու թուրքերի համատեղ ստեղծագործությունն է։ Քիրվայության ու դավաճանության առաջին կոթողը»։

«Պողպատե» մանդատ հանձնելով Նիկոլին, «ժողովուրդը», ըստ էության, անտարբերություն ցուցաբերեց իր ապագայի նկատմամբ, վերահաստատեց իր ինքնապահպանման բնազդի բացակայությունը, պետականության ընկալման բացակայությունը։

Մինչդեռ նման ուղերձներն աննկատ չեն անցնում։ Ադրբեջանն ու Թուրքիան արձանագրեցին հայ ժողովրդի անկենսունակությունը։ Եվ հիմա առաջ են մղելու իրենց մինիմում ու մաքսիմում ծրագրերը է՛լ ավելի մեծ եռանդով։ Օրերս, օրինակ, Ալիևն արդեն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ նշելով, թե պետք է սկսվի խաղաղության մեծ պայմանագրի կնքման նախապատրաստությունը, և Հայաստանն ունի միայն մեկ ճանապարհ. կարգավորել հարաբերությունները հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից։ Սա՝ եթե հակիրճ։

Հնարավոր սցենարների առավել մանրամասն տարբերակը, ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի, ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, հրաժարում Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, հայ-ադրբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքների հաշվին), բանակը ոստիկանական փոքրաթիվ զորքերով փոխարինելու Հայաստանի պարտավորության հնարավորություն: Սա այն է, ինչը խաղաղ համաձայնագրի շրջանակներում վերաբերում է Ադրբեջանին։ Իսկ Թուրքիայի մասով հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի շրջանակներում հնարավոր է հրաժարում Ցեղասպանության ճանաչման պահանջից, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, հրաժարում տարածքային պահանջներից, Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, Արարատի պատկերի բացառում զինանշանից, սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միջանցքի զիջում, Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը։

...Այսօր Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է հայկական կողմից Գեղարքունիքի, Տավուշի ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին: Հայկական կողմը հերքում է այդ հայտարարությունները՝ պնդելով հակառակը և հավաստիացնելով, որ հայկական կողմից ի պատասխան ոչ մի կրակոց չի արձակվել:

Այսօր հայ գերիներին դատում են Բաքվում, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է առուծախի առարկա դարձնել մեր գերիներին, ինչը հաստատված է տեսանյութով, իսկ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը ինչպես որ գործել է, կողմերի գնահատմամբ՝ «բավականին արդյունավետ», այնպես էլ շարունակում է գործել: Կարո՞ղ էր արդյոք այլ կերպ լինել, եթե Ադրբեջանը լկտիաբար չի կատարում եռակողմ համաձայնագրի պայմանը գերիներին վերադարձնելու վերաբերյալ։

Այսօր, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ տարածքում կա առնվազն 1000 ադրբեջանցի զինվորական և, դատելով ամենից, հեռանալ նրանք մտադիր չեն։ Իսկ մենք Ենոքավանում 40-մետրանոց բրդուճ ենք պատրաստում... Ինչպե՞ս այստեղ չհիշես Լավրովի հայտնի արտահայտությունը. «Дебилы, бл..։