ՊՆ․ Մեղրիի զորամասի հրամանատարի նկատմամբ ծառայողական քննությունը երկարացվել է

Մեղրիի զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանի հրամանատարական պարտականությունները կասեցված են մինչև ծառայողական քննության ավարտը։ Տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը՝ արձագանքելով մամուլում տարածվող տեղեկություններին, թե նա շարունակում է կատարել իր պարտականությունները։

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈւ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, հայտնում ենք, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ։