Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկներին կարող են պարտադրել ՊՇՌ թեստ հանձնել
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկներից կարող է պահանջվել, որ երկրում ՊՇՏ թեստ հանձնեն, նույնիսկ եթե անցել են պատվաստումների ամբողջական կուրսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Տիկարաձեի հայտարարության պատճառը Քութաիսիի միջազգային օդանավակայանից ստացված տեղեկատվությունն էր, ըստ որի՝ ստուգման ընթացքում, օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ հայտնաբերվել են պատվաստման և ՊՇՌ թեստերի կասկածելի տեղեկանքներ, ինչպես նաև կեղծ կովիդ անձնագրեր: Պետական աուդիտի ծառայությունը զբաղվում է այս դեպքերվ, հաղորդել է «Նովոստի-Գրուզիան»:
Առողջապահության նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկների ՊՇՌ թեստավորումը պետք է դառնա կանոն, այլ ոչ թե առաջարկ: «Կարևոր է, որ զբոսաշրջիկներից պահանջվի թեստավորում անցնել Վրաստանի տարածքում, քանի որ այս պարագայում մենք կունենանք ավելի շատ երաշխիքներ, որ կեղծված փաստաթղթերի հետ գործ չենք ունենա: Կարծում ենք, որ այսպիսով զբոսաշրջիկների տեղաշարժը շատ ավելի անվտանգ կլինի մեր քաղաքացիների համար», - հայտարարել է Տիկարաձեն:
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունը կարող է տրամադրել թեստավորման կենտրոնների լայն ցանց, իսկ էկոնոմիկայի նախարարության և զբոսաշրջության ազգային վարչության հետ համագործակցության դեպքում «ոչ մի բարդություն չի առաջանա»: «Մեր երկրի անվտանգության համար կարևոր է, որ Վրաստանում բոլոր զբոսաշրջիկները, նույնիսկ երկու անգամ պատվաստվածները, Վրաստանում լրացուցիչ թեստավորում անցնեն», - ասել է Տիկարաձեն:
Վրաստանի օդային սահմանը հատելիս՝ զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ ցանկացած դեղամիջոցով պատվաստման ամբողջական կուրսը:
Վրաստանի ցամաքային սահմանը հատելիս՝ պետք է ներկայացնել պատվաստումների ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որը կատարվել է ժամանումից 72 ժամ առաջ: 10 տարեկանից ցածր օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են ՊՇՌ թեստի բացասական արդյունք տրամադրելու, ինչպես նաև Վրաստան ժամանելուց հետո երրորդ օրը թեստավորում անցնելու պարտավորություններից:
ՊՇՌ թեստի արդյունքը պետք է լինի վրացերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, տեղեկացնում է News.am-ը: