Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին և սպառնալ
Բաքուն պահանջում է ականապատ դաշտերի քարտեզները և սպառնալիքներ է ներկայացնում Հայաստանին:
«Հայաստանը պետք է կատարի միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում իր պարտավորությունները, ինչպես նաև եռակողմ հայտարարության դրույթները: Հայաստանը պետք է տրամադրի ականապատ դաշտերի քարտեզները՝ էլ ավելի մեծ մարդկային տառապանքներից խուսափելու համար»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
Նա հայտարարել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովման համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի:
«Մենք Հայաստանին առաջարկում ենք երկկողմ քննարկումներ սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին»,-նշել է նա:
Ապա նա ասել է, որ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ատելությունը, որն ուղեկցվում է ռևանշիստական հռետորաբանությամբ, լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչը սպառնալիքի տակ է դնում կարգավորման փխրուն գործընթացը»:
Ատելության մասին խոսում է մի երկիր, որը ռազմական ավարի այգի էր կազմակերպել, տեղեկացնում է News.am-ը: