Հարությունյանը և Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ այսօր կայացել է Հարությունյանի հանդիպումը Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:
Նշենք, որ Հայաստանում ՌԴ ՊՆ ներկայացուցչության ընդլայնման հետ կապված` փոխվել է նաև Անդրեյ Գրիշչուկի պաշտոնը։ Մինչ այս նա զբաղեցնում էր ռազմական և ռազմաօդային կցորդի պաշտոնը: Այժմ նրան փոխարինել է գնդապետ Վյաչեսլավ Կոսովը։
Հարությունյանը շնորհավորել է Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: