Բաքվի դատարանում ընթերցել են շիրակցի գերիների գործով մեղադրական եզրակացությունը
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում հուլիսի 1-ին շարունակվել է հայ 13 գերիների հերթական խմբի դատական գործընթացը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Մեղադրյալի աթոռին են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գոլայանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։
Զուգահեռաբար ընթանում է նաև շիրակցի 13 այլ գերիների գործով դատավարությունը, որտեղ մեղադրյալի աթոռին են Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը և Էդուարդ Կիրակոսյանը։
Դատական երկու նիստերում էլ մեղադրող դատախազներն ընթերցել են մեղադրական եզրակացությունը, որին կհաջորդի գերիների վկայությունների փուլը։
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ, տեղեկացնում է Hetq.am-ը։