Անդրանիկ Թևանյան․ Չարչյանը հետընտրական Հայաստանի առաջին քաղկալանավորն է

Չարչյանին համարում եմ հետընտրական Հայաստանի առաջին հետապնդյալն ու քաղկալանավորը։ Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ տեղի է ունենում Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը, լրագրողներին ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:

«Այս իշխանությունը Արմեն Չարչյանին նախ և առաջ որպես կայացած մարդ է հետապնդում։ Չեմ զարմանում, քանի որ իրենցից այլ բան չէի սպասում, պարզապես փաստն եմ արձանագրում։ Ինքս մասնակում եմ այս պրոցեսին որպես քաղաքացի, որ իմանան կան մարդիկ, որոնք չեն թույլ տա՝ ով ինչ ցանկանա այն էլ անի»,- ասաց Թևանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այս իշխանությունը պայքարում է այն մարդկանց դեմ, որոնք կոնկրետ մարդկանց օգուտ են տալիս՝ բժշկում են, առողջապահական խնդիրներ են լուծում։ Այս համատեքստում նա հիշեցրեց հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի մասին երեկ համացանցում շրջանառվող լուրը՝ առ այն , որ նրան ստիպել են լքել կլինիկան։

«Փաստորեն Հայաստանում ապագա կա, բայց առանց բժիշկների»,- ասաց նա։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ընտրությունները կեղծ էին։

«Այս իշխանությունը, որը վերարտադրվեց, լեգիտիմ չէ, քաղաքական ընտրությունները կեղծված են։ Թե որքանով է դա փաստարկված, կտեսնենք Սահմանադրական դատարանում»,- հայտարարեց Թևանյանն ու հավելեց

«Ես տեսնում եմ Հայաստանում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտություն։ Ընտրությունների միջոցով իհարկե ռոմանտիզմ էր։ Բայց ամեն դեպքում դրանք գործիքակազմեր են, որոնք հետագայում էլ պետք է կիրառվեն։ Այսինքն՝ մենք պետք է հասնենք այս իրավիճակի փոփոխության, այլապես խնդիրները շատ ավելի կխորանան»։