Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ԻՍԿ ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՆՁՆԵԼԸ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայկական կողմի համար ականապատ դաշտերի մասին տեղեկությունները դրանք ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են, որոնք թշնամուն տրամադրելը ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նկարագրված հանցագործություն է՝ պետական դավաճանություն («Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն
2021 թվականի հուլիսի 3-ի երեկոյան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով և նրա ուղեկցությամբ Բաքվից Երևան են վերադարձել 15 հայ ռազմագերիներ։
Խնդրի մարդկայնորեն արդարացված հուզական բաղադրիչը հաղթահարելուց հետո, կարծում ենք, կարելի է կատարել փաստերի համադրություն՝ իրատեսական գնահատականների և եղելությունը ճիշտ հասկանալու համար։
Նախ՝ Արցախում 44 օրյա պատերազմի սանձահարման և դրա բոլոր հետևանքների (մարդկային հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, ավերածություններ, տարածքների կորուստներ, միլիարդավոր դոլարների վնասներ և այլն) համար անձնական պատասխանատվություն է կարում հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը։
Երկրորդ՝ գերիների վերադարձի հետ կապված խնդիրը հստակ կերպով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետը սահմանում է․ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Ընդ որում, ի տարբերություն, հայտարարությամբ Ադրբեջանին տարածքների վերադարձի կետերին, այս կետի համար ժամկետներ սահմանված չեն, ինչը ենթադրում է (հաշվի առնելով նաև դրա հումանիստական և մարդկանց կյանքին, առողջությանը և արժանապատվությանը վերաբերող հանգամանքը) պետք է կատարվեր անհապաղ՝ հնարավոր սեղմ ժամկետում։ Ի դեպ, Հայաստանն այդ հայտարարության այդ կետով սահմանված, ի թիվս մյուս կետերի պարտավորությունների, կատարել է վաղուց, որի հետևանքով Հայաստանում այլևս գոյություն չունեն ադրբեջանցի ռազմագերիներ։ Ավելին, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել նաև տարիներ առաջ դիվերսիոն նպատակով ներթափանցած և հայ պատանուն սպանած ադրբեջանցիների, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել էին ազտազրկման և կրում էին իրենց պատիժը։ Այն որ, մինչ օրս Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այս կետը մնում է ամբողջությամբ չկատարված, դա հայկական դիվանագիտության, ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ձախողման հետևանք է։ Հայաստանի պետության ղեկավարի կարգավիճակում, սպասարկելով բացառապես թշնամու շահերը, նա չի կարողանում կյանքի կոչել եռակողմ հայտարարության մեջ ամրագրված անգամ ամենատարրական, հումանիտար նշանակության դրույթները, փոխարենը կատարելով Ադրբեջանի շահերից բխող բոլոր մյուս կետերն ու պարտավորությունները։
Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի մասին քարտեզների տրամադրմանը, ապա դա նախատեսված չէ ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում, ո՛չ էլ որևէ այլ փաստաթղթում։ Դա Ադրբեջանի կողմից ներկայացված հավելյալ պահանջ է, որը հայկական կողմը կատարում է, ըստ էության, առանց նախապայմանների՝ հերթական անգամ սպասարկելով Ադրբեջանի շահերը։ Հարկ է նկատել, որ ականապատ դաշտերի քարտեզների ստացման խնդիրը հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այդ հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բարձրացրել է գրեթե բոլոր իրավասու միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների առջև։ Առանց այդ տեղեկությունների, Ադրբեջանն, ըստ էությանը, փաստացի զրկված էր այդ տարածքներն ամբողջությամբ յուրացնելու հնարավորությունից, ինչ համար իրենց պահանջվելու էին տասնյակ տարիներին, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ծախսեր և մարդկային հսկայական կորուստներ։
Հայկական կողմի համար ականապատ դաշտերի մասին տեղեկությունները դրանք ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են, որոնք թշնամուն տրամադրելը ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նկարագրված հանցագործություն է՝ պետական դավաճանություն («Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է վստահաբար պնդել, որ 2021 թվականի հուլիսի 3-ին ոչ թե տեղի է ունեցել գերիների վերադարձ, այլ թշնամուն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման պետական դավաճանություն, իսկ դրա դիմաց, դեռևս պաշտոնապես չհայտարարված գերիների ընդամենը մի քանիսի վերադարձը, նպատակ ունի հասարակական հուզական տրամադրությունների ստեղծման միջոցով՝ քողարկել կատարված հանցագործությունն ու հայրենիքի դավաճանությունը։ Ի դեպ, ՀՀ կառավարությունը ոչ միայն պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը, այլև այն ներկայացրել է իբրև «բարի կամքի դրսևորում», իսկ տարածքները ներկայացրել ոչ թե հայկական (Վարանդա և Կովսական), այլ ադրբեջանական (Ֆիզուլի և Զանգելան) տեղանուններով։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կատարվում է պետական դավաճանություն, քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանը, չնայած որ հայտարարեց, որ գերիների վերադարձի համար պատրաստ է տրամադրել իր որդուն, սակայն, իրականում տրամադրեց պետական հույժ գաղտնի համարվող տեղեկություններ, և նաև հայտարարեց, որ պատրաստ է այդ գործողություններին հաղորդել շարունակական բնույթ, ինչը ցավոք, հերթական անգամ, անտեսվեց Ազգային անվտանգության մարմինների կողմից, որոնք շատ ավելի պրիմիտիվ և պարզ դրվագներով, պետական դավաճանության մեղադրանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։
Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դավաճանը՝ Ադրբեջանին հեշտությամբ հաջողվում է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Նրանք, Նիկոլ Փաշինյանի ձեռքով, նախ ստացան շուրջ երեք տասնամյակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները, հիմա ստանում են այդ տարածքների յուրացման բոլոր ֆիզիկական հնարավորությունները, ավարտված են համարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ներխուժում են Հայաստանի տարածք, Թուրքայի հետ ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու համաձայնագրեր, շարունակում են գերության մեջ պահել Հայաստանի քաղաքացիների և նրանց տրամադրման համար դնել նոր, իրենց համար շահեկան պահանջներ և այլն»,- գրել է նա։