Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չեն երկարաձգում
ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չեն երկարաձգում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ համար Արթուր Ղազինյանը։
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում»,–գրել է Ղազինյանը` հավելելով, որ Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար են նրան զորացրում։
Ընդդիմությունն արդեն տևական ժամանակ է` մեղադրում է իշխանություններին Տավուշում որոշ անկլավներ Ադրբեջանին զիջելու մտադրության մեջ։ Կառավարությունը հերքում է այդ լուրերը։
Նա, ի դեպ, դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր ուզում զորացվել` անկլավների հնարավոր հանձնման առնչությամբ։ Սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` գեներալին համոզել են նման քայլի չդիմել, իսկ անկլավները հանձնելու լուրն օրակարգից դուրս է մնացել։
Ի դեպ, ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ Գրիգորի Խաչատուրովի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել։