Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության որոշ գնահատականների առնչությամբ։ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ այսօր տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
«Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են` Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:
Զրույցի ավարտին Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:
Զասն իր հերթին շնորհավորել է Արմեն Գրիգորյանին հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: