Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հայ գերիների ազատ արձակման մասին
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատ արձակումն ու Երևանի կողմից Բաքվին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, հայտարարել է ֆրանսիական արտգործնախարարության ներկայացուցիչը։
«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ողջունում է Ադրբեջանի կողմից 15 ձերբակալված հայերի ազատ արձակումն ու Հայաստանի կողմից Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումն Ադրբեջանին»,-նշված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ այդպիսի գործողությունները տարածաշրջանում լարվածության թուլացման նոր ու կարևոր քայլ են ու ներդրում՝ կողմերի միջև վստահության վերականգնման համար։
«Ֆրանսիան կոչ է անում կատարել պարտավորությունները, որ կողմերը ստանձնել են 2020-ի նոյեմբերի 9-ին, ներառյալ առարկայական երկխոսության վերականգնումն ու մյուս բոլոր հայ ձերբակալվածների ազատ արձակումը»,-հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այդ դրական դինամիկան ու կողմերի հետ միասին պահպանում է Կովկասում հաստատուն խաղաղություն հաստատելու գործին իր հավատարմությունը»,-ասել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։