Քննարկվում է Գեղարքունիքում ու Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ Այս մասին այսօր` հուլիսի 7-ին լրագրողներին ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը», - ասել է Կոպիրկինը:
Նրա խոսքով ՝ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց համար նոր ու անսովոր պայմաններում:
Սահմանի երկայնքով, այդ թվում ՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլանման հարցը։
«Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝ ներառյալ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։