Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԲԱՔՈՒՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿԱՆ Է ԴՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Զանգեզուրի նկատմամբ պահանջներով Բաքուն աշխարհաքաղաքական ական է դնում տարածաշրջանի անվտանգության տակ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի կողմից տնտեսական շրջանների ստեղծման մասին հրամանագրի ստորագրումը:

«Ավելի վաղ մենք արդեն կանխատեսել ենք Ադրբեջանի իշխանությունների նման գործողությունները: Սա առաջին քայլն է նրանց օկուպացիոն ծրագրերում: Ալիևի այդ հրամանագիրը փաստացի քաղաքական աստառ ունի: Երկու կետեր՝ 6-րդ և 13-րդ, վերաբերում են հայ ժողովրդին: 6-րդ կետով ստեղծվում է այսպես կոչված ղարաբաղյան տնտեսական շրջան, որը ներառում է գրեթե ամբողջ Արցախի հանրապետությունը նախկին ԼՂԻՄ սահմաններում:

Շրջանում ներառված են շատ տարածքներ, որոնք աստիճանաբար երկար տարիների ընթացքում Ադրբեջանն օկուպացրել է: Ընդհանրապես ղարաբաղյան տնտեսական շրջան գոյություն ունեցել է նաև խորհրդային շրջանում: Սակայն այդ ժամանակ միայն տնտեսական մոտեցում կար: Այժմ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական մոտեցում, երբ Ադրբեջանը փորձում է իրագործել իր ծրագրերը: Այդ ծրագրերի գլխավոր նպատակը ղարաբաղյան պետականության ոչնչացումն է: Երկրորդ կետն ավելի «հետաքրքիր է»: Դա նոր այսպես կոչված Արևելյան-Զանգեզուրյան շրջանն է: Նման շրջան երբեք գոյություն չի ունեցել: Մենք տեսնում ենք որոշակի քաղաքական և պատմական անհամապատասխանություն պատմական Զանգեզուրի հետ:

Զանգեզուրը եղել է երկու անգամ ավելի մեծ, քան հիմա, կեսից ավելին այժմ օկուպացված է: Ներառված են եղել Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որն այժմ օկուպացված է. դա Լաչինի, Կուբատլուի և Զանգելանի շրջաններն են: Դրան գումարած՝ այստեղ են ներառված Ջաբրայիլի (Դիզակի մելիքության հարավային հատվածը կամ Հադրութի շրջանի հարավային հատվածը) և Քարվաճառի շրջանները, որոնք երբեք չեն եղել Զանգեզուրի մաս:

Այստեղ մենք տեսնում ենք զուտ աշխարհաքաղաքական մոտեցում: Ինչո՞ւ են նրանք դա անում: Այդպիսով, փորձում են ստեղծել այսպես կոչված Արևելյան-Զանգեզուրյան շրջան, որը հավասար և նույնիսկ առավել է Սյունիքի մարզի տարածքից, որպեսզի ցույց տան, որ «Զանգեզուրը ադրբեջանական հող է, սակայն մի մասն օկուպացված է Հայաստանի կողմից»: Սակայն եթե կա Արևելյանը, ինչ-որ տեղ պետք է լինի նաև Արևմտյանը: Աշխարհաքաղաքական ական է դրվում: Այդպիսով, նրանք փորձում են ջնջել առանց այդ էլ մոռացված Կարմիր Քուրդիստանի մասին պատմական հիշողությունը: Հենց այստեղ է եղել երբեմնի Կարմիր Քուրդիստանը կամ Քրդական գավառը: Քաղաքական ենթատեքստն ակնհայտ է:

Այլ շրջաններ ևս բաժանված են քաղաքական-էթնիկ սկզբունքով: Օրինակ՝ Գուբա-Խաչմազի շրջանը. դրանք լեզգինաբնակ տարածքներ են, Լենկորան-Աստարինի շրջանը. թալիշաբնակ տարածքներ: Այդ տնտեսական շրջանների ստեղծմամբ նպատակ է դրվում հարված հասցնել ազգային փոքրամասնություններին: Հնարավոր է, որ հետագայում նոր վարչատարածքային բաժանումներ և ավելի խոշոր միավորների ստեղծում լինի: Եվ շատ հնարավոր է, որ դրանք կոչվեն վիլայեթներ: Մենք կտեսնենք այդ ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող ինտեգրումը: Հերթի մեջ է ռազմական օկրուգների ստեղծումը»,-նշեց Բաբայանը:

News.am