ԷՇԸ ՋՐԱՄԲԱՐԻ ՄՈՏ
Ինչպես ասում է արդեն չեմ էլ հիշում, թե ում ժողովրդական իմաստությունը, էշին կարելի է մոտ բերել ջրամբարին, բայց չի կարելի ստիպել նրան, որ խմի: Հենց դրա համար էլ նա, ըստ էության, էշ է։
Վլադիմիր Պուտինը Փաշինյանին առաջարկել էր դադարեցնել ռազմական գործողությունները հոկտեմբերի 19-ին։ Իլհամ Ալիևը համաձայն էր։ Հայկական կողմի վերահսկողության տակ էին մնում և՛ Շուշին, և՛ Հադրութը։ Փրկվում էին հազարավոր կյանքեր։ Փաշինյանը հրաժարվեց։
ԱՅՍՕՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ։ Հազարավոր կորուստներից հետո։ Արցախի զգալի մասի կորստից հետո։ Այն բանից հետո, երբ ինքնուրույն չի կարող լուծել նույնիսկ ռազմագերիների հարցը։ Այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հարկադրված ու հետևողականորեն վերահսկողության տակ են առնում արդեն նաև Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ։ Ողջ պարագծով: Որովհետև ինչ-որ մեկը պետք է, չէ՞, վերահսկի այդ սահմանը... Որովհետև եթե երեկ ադրբեջանցիները առևանգել են անասունները 13-ամյա հովվից, ապա վաղը, մեկ էլ տեսար, բանը կարող է հասնել նաև հպարտ կառավարության անդամներին։
Փաշինյանը մեկնում է Մոսկվա։ Աշխատանքային այցով: Նա արդեն խելք է հավաքել։ Գնում է լսելու, թե ինչ պետք է անի, ինչպես, երբ և ինչ հերթականությամբ։ Կհրաժարվի՞ արդյոք նա ցանկացած բանակցություններից ու քննարկումներից, քանի դեռ չի կատարվել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, կդադարեցվե՞ն արդյոք շինծու դատավարությունները ռազմագերիների նկատմամբ, և նրանք բոլորը, ներառյալ քաղաքացիական անձինք, կվերադառնա՞ն հայրենիք։ Քանզի նույնիսկ էշի ուղեղին է այնուամենայնիվ ինչ-որ բան հասնում։ Երբեմն շատ ուշ, բայց հասնում է։
Թեև ... Լևոն Տեր-Պետրոսյանը, օրինակ, համարում է, որ Փաշինյանը պարզապես չի հասկանում, թե ինչ են իրեն ասում ռուսները։ Իբր՝ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը երևի չի հասկացել, թե ինչ էր ասում իրեն Պուտինը։ Այսպիսին է Տեր-Պետրոսյանի վարկածը։ Կա՛մ չափազանց մարդասիրաբար պաշտպանում է յուրայինին, կա՛մ պարզապես մոլորության մեջ է։ Չէ՞ որ երբ Փաշինյանը չի ցանկանում անել այն, ինչ ասում են իրեն, նա, ինչպես հենց ինքն է խոստովանում մի ձայնագրության մեջ, «էշի տեղ է դնում» իրեն, լոկ ձևացնում, թե չի հասկանում. այլ կերպ ասած՝ հիմար ձևանում... Դա նրա անչափ սիրելի դիվանագիտական հնարքն է։
Ճիշտ է, դժվար թե նա այդ հնարքը կիրառի այսօր Մոսկվայում։ Հակառակը, կարծում ենք՝ հլու-հնազանդ բալիկ կլինի։ Շա՜տ հնազանդ ու չափազանց քաղաքավարի տղա. Եվ արդեն ոչինչ չի ասի այն մասին, թե «նախկինները» լպստել են ինչ-որ մեկի սապոգը։ Քանզի հենց ինքն է զբաղվելու դրանով, ընդ որում՝ պար գալով այդչափ բարձր պատվի արժանանալու հաճույքից։ Եվ երբեք չի ասի, թե «նախկինները» հանձնել են երկրի ինքնիշխանությունը։ Քանի որ պարզապես մոռացել է անգամ այդ տերմինը:
Քանզի նույնիսկ ամենա-ամենատխմար էշը այնուամենայնիվ ինչ-որ ուղեղ ունի։ Եվ եթե այն բանից հետո, երբ նա հրաժարվել է խմել ջրամբարից, մի քիչ ժամանակ ծարավ պահես նրան, ապա այդ ուղեղը հանկարծ սկսում է շարժվել: Շոկոթերապիա է կոչվում, շատ արդյունավետ մեթոդ է, ինչպես հավաստիացնում են բրիտանացի գիտնականները: Եվ հաջորդ անգամ մեր սիրելի իշուկը նույնիսկ ոչ թե ջրամբարից, այլ ամենակեղտոտ ջրափոսից էլ կխմի, շնչահեղձ լինելով հրճվանքից ու շնորհակալություն հայտնելով այդքան շռայլ ընծայի համար: Իսկ հետո բոլորին կպատմի, թե ինչ հաճելի համ ուներ այդ ջրափոսը։
Ասենք, ի՞նչ ենք շարունակ խոսում Փաշինյանի մասին։ Կա մի այդպիսի հպարտ ժողովուրդ. հայերը։ Նրանց ամեն ինչ դյուրընմբռնելի ցույց տվեցին ու պատմեցին։ Ահա ձեզ Ռ.Քոչարյանի կառավարման արդյունքները։ Ահա Փաշինյանի կառավարման արդյունքները։ Մոտեցրին ջրամբարի կիպ պռունկին ու քիթը դեմ տվեցին ջրին։ Եվ քվեաթերթիկներ բաժանեցին։ Իսկ հպարտ ժողովուրդը, ուշադիր նայելով ջրամբարին, քվեարկեց Փաշինյանի օգտին։ Դե, ինչ-որ բան այն չէ՞։