Նազելի ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ

«Մենք կորցրել ենք հսկայական ծավալով ռեսուրսներ, էկոհամակարգեր, շատ աղբյուրներ արդեն անցել են հարևան երկրի վերահսկողության տակ»,- հանքարդյունաբերության թեմայով քննարկման ասաց փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը:

Նա նշեց, որ եթե նախկինում այդքան ակտիվ չէին բարձրաձայնվում, այլ միայն մասնագիտական շրջանակներում էին խոսում բնապահպանական վնասի հատուցումից, ապա այս պատերազմից հետո Հայաստանի հարևաններն ավելի ակտիվացել են և բնապահպանական վնասների մասին են խոսում, որ ՀՀ գործունեության արդյունքում ջրեր են աղտոտվում, վնաս է պատճառվում իրենց շրջակա միջավայրին:

«Սա լուրջ խնդիր կարող է լինել մեզ համար և այսօր համար մեկ հարցը պետք է լինի մեր բնական էկոհամակարգերի պաշտպանությունը: Որևէ այլ տնտեսական շահ չի կարող գերադասվել, քանի որ եթե մենք սա կորցնենք, ընդհանրապես երկիր ենք կորցնում: Սա արդեն կրիտիկական վիճակ է»,- ասաց բնապահպանը:

Նա ընդգծեց՝ եթե ժամանակին ասում էին Ամուլսարն իր բնապահպանական բոլոր խնդիրներով, այսօր Ամուլսարը դարձել է ստրատեգիական օբյեկտ, քանի որ եթե այդ սարը չլինի, ուղիղ նշանակետում է լինում Ջերմուկը, այդ սարն է, որ սահմանից պահում այդ տարածքի բնակչությանը:

«Այստեղ ոչ միայն էկոլոգիական անվտանգության խնդիր է, ազգային, պետական անվտանգության խնդիր է»,- ասաց Ն. Վարդանյանը:

Նա նշեց, որ Հայաստանը կարող է արտահանել գինի, գյուղատնտեսական մթերքրներ, լավ զարգացած է թեթև արդյունաբերությունը, նոր տեխնոլոգիաները, իսկ նոր հանքերի թույլտվությունը գոնե 10-15 տարվա ընթացքում պետք է կասեցվի, որպեսզի հնարավոր լինի վերականգնել:

«Մեր համախառն ներքին արդյունքում հանքերը կազմում է 2,8 տոկոս, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը 40 տոկոս է, տուրիզմը՝ 15 տոկոս:

Մենք, փաստորեն, այդ 2,8 տոկոսի համար վնասում ենք այն միջավայրը, որով զարգանում են մեր գերակա ճյուղերը:

Աշխատատեղերի մասին են խոսում. ամբողջ աշխատատեղերի միայն 0,9 տոկոսն է վերաբերում հանքարդյունաբերությանը»,- տվյալները մեջբերեց բնապահպանը:

Բացի այդ նա նշեց, որ մեր հարստությունը, ընդերքը տարվում է երկրից, սակայն մենք դրանից բան չենք ստանում:

«Ասվում է՝ հանքարդյունաբերությունը չլինի, չենք կարող զարգանալ, մինչդեռ հակառակը՝ զարգացած երկրներն իրենց պաշարները պահում են, գնում են այլ երկրներում հանքարդյունաբերությամբ զբաղվում:

Մենք շռայլության իրավունք չունենք, պետք է մեր մոտեցումները փոխենք»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Panorama.am