Քաջարանի համայնքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Նրա գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նա պետք է ներկայացվի դեպարտամենտ, սակայն, թե երբ` անհայտ է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, այնուհետև նա բերման է ենթարկվել։ Խուզարկություններ են իրականացվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո ձերբակալվել է մեկ անձ, տեղեկացնում է News.am։