Զախարովա․ Ղարաբաղի հետ անմիջական կապ չունի

Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը համեմատաբար կայուն է, սադրանքներ չեն արձանագրվում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում»,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում:

«Ինչ վերաբերում է սահմանին, ապա հայ-ադրբեջանական առանձին շրջաններում տիրող իրավիճակը,այստեղ ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք ելնում ենք նրանից, որ այն ուղղակիորեն կապված չէ ԼՂՀ կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնն իհարկե խորանում է կողմերի փոխադարձ վստահության պակասի պատճառով»,-ավելացրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։