Արամ Վարդևանյան․ ՌՈ ծառայողները հսկում էին զինծառայողների քվեարկության պրոցեսը
Հերիք չի վերադասը զինծառայողներին բերում է տեղամաս, մի հատ էլ ռազմական ոստիկանության ծառայողները հսկում են պրոցեսը: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Ինչպես կարող են քաղաքական գործընթացին մասնակցող ուժերը ապահովել վերահսկողություն, եթե ոչ մեկ չի տեղեկացնում որտեղ են քվեարկում զինծառայողները: Դրա գաղտնիության հատուկ պահպանման ռեժիմի օրենսդրական նպատակը ո՞րն է եղել: Զինծառայողների առհասարակ քվեարկության գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել թե սահմանադրության 7-րդ, թե 75-րդ հոդվածին։ Չի կարող լինել իրավիճակ, որ ցուցակներն ամբողջությամբ գաղտնի են։ Նույն ընտրական օրենսգիրքը սպայական անձնակազմի համար նախատեսում է հնարավորություն նաև ընտանիքի անդամներին գաղտնի ցուցակով քվեարկելու համար։ Հիմա եթե ընտանիքի անդամները գնում ու գաղտնի ցուցակով են քվեարկում, հանո՞ւմ են ոստիկանության ներկայացուցիչները նրանց ընդհանուր ցուցակից։ Մենք չգիտենք, որովհետև գործընթացից դուրս ենք մնում: Միգուցե ԿԸՆ–ն նույնպես դուրս է մնում այդ գործընթացից, որովհետև այն բացառապես գաղտնի է պահվում»,- ասաց նա։
Արամ Վարդևանյանը անդրադարձավ 109 հազար 618 քաղաքացու դեպքին, որոնց անձնագրերը չէին աշխատել։
«Հարց է առաջանում՝ կարող է այս քաղաքացիների մասով լինել տեխնիկական շատ հեշտ լուծում, որովհետև գիտեք՝ ինչ է տեղի ունենում։ Այդքան քվեի մասով մենք վստահությունը դնում ենք բացառապես մասնագետի վրա։ Մասնագետ, որը այդ պահին կարող է լրացնել այլ անձի տվյալ և ենթադրենք, Արամ Վարդևանյանը, մասնակցելով քվեարկությանը չաշխատող անձնագրով, դառնում է լրիվ այլ անձ, որը, օրինակ, բնակվում է ՌԴ–ում, և մենք ունենում ենք ընտրակեղծարարության դասական, հստակ աշխատող մեխանիզմ»,– նշեց նա, տեղեկացնում է News.am-ը։