Որոտանցիներին ոստիկանները ահաբեկում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որոտանցիները պատմում են, թե ինչպես են իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի դեմ։ Ասում են՝ թե չազատեն գյուղապետին, ստիպված կլինեն փակել ճանապարհները: Այս մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Զանգեզուր TV-ն:

 

       

«Որոտանի 80 տոկոսը աղքատ ժողովուրդ է, մի անասնապահությամբ էինք զբաղվում, էն էլ հողերը տվեցին թուրքերին, հիմա մեզ ապրելու կերպ չունենք, վաղը, մյուս օրը, մենք լքելու ենք գյուղը, թող ղեկավարությունը, քննիչները, էն մեկը, էն մեկը գան ստեղ ապրեն, մենք դուրս ենք գալու գյուղից, տենանք ոնց են ապրելու: 2 զենք են էն խեղճ մարդու տնից բան արել, թուրքը հենա էնտեղ, շորերով պառկում ենք, շորերով վեր կենում, էսա կառավարության աջակցությունը էս ժողովրդին: Իմ ամուսինը ազատամարտիկ է, եղել է քառօրյանին, մասնակցել է 44 օրյա պատերազմին, իմ տղաս եղել է Սուրեն Օհանջանյանի ջոկատից և շատ-շատերը»,-ասում է որոտանցի կինը:

Որոտանի մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ երեկ իրեն կնոջ հետ կանչել են Ոստիկանության Երևանի վարչություն. «Էնտեղ ես երեխոցս արև երդվում եմ, որ գյուղապետն ինձ չի ասել` ում ընտրեմ, ասում են` դու խաբում ես, Երևան պիտի քեզ տանեմ, ասում եմ` տար, կալանավորի, բայց ես ոնց սուտ ցուցմունք տամ, վաղը էն մարդու երեսին ես ոնց նայեմ, ինչ էդ մարդը ինձ ասել է, ես կրկնում եմ, սուտ բան չեմ կարող ասել: Կես ժամա փորս ճղում եմ, չեմ կարում համոզեմ: Բայց մեզ ասում են` ձեզ լրիվին էլ փողը տված է, որ Քոչարյանին ընտրեք, ես էլ ասում եմ, որ մարզպետի հետ մոտիկ եմ, կարամ զանգեմ, ասեմ, որ ես ընտրել եմ Փաշինյանին, ինչ եք ուզում ինձանից ու չեմ կարացել ոչ մի ձև համոզեմ»:

Բնակիչներից մեկն էլ ասեց, որ կանանց կանչել են Գորիսի բաժին ու վախեցրել, որ սուտ ցուցմունքի դեպքում գործ են հարուցելու. «Իրանք ինչ ճիշտն է, ասել են, բայց զոռում են, վախեցնում են, նրանք էլ կին են»:

Պատերազմում զոհվածի մայրն էլ ասաց, որ այդ քայլով իշխանությունները թուրքերին են ուրախացնում:

«Ամբողջ այս համայնքը գյուղապետն է պահել ու էսօր պատասխան ինչ է ստանում, իմ երեխես զոհվել է հայրենիքի համար ու հողերը հետ տվեցին ու հիմա էլ էս գյուղապետի հետ են վարվում: Գյուղապետը բոլորիս կողքին կանգնել է, օգնել, աջակցել, եթե Օհանջանյանը դուրս չեկավ, բոլորս ելնելու ենք այս գյուղից, թող գան էս շակալների հետ ապրեն»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը: