Մուկուչյան․ Տեղամասերում հոսանքազրկումների պահին խախտումներ չեն գրանցվել
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումների հետ կապված ԿԸՀ–ն որևէ իրավախախտման մասին ահազանգ չի ստացել։ Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցով գործի քննության ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Հոսանքազրկումը տևել է 10-15 րոպե ոչ ավելի, որից հետո իրականացվել է վերահաշվարկ և որևէ տեղից որևէ ահազանգ չի ստացվել, որ այդ հոսանքազրկմամբ պայմանավորված տեղամասում տեղի է ունեցել այս կամ այն ապօրինությունը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը շեշտեց, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ժամը 21:00-ի սահմաններում, և քանի որ քվեարկության ավարտից հետո հանձնաժողովները սկսում են որոշակի գործառույթներ իրականացել, այդ ժամին քվեաթերթիկների հաշվարկը դեռ նույնիսկ սկսված չի եղել։
«Այդ ժամանակահատվածում նույնիսկ տեղամասերի հիմնական հատվածում քվեաթերթիկների հաշվարկ չէր էլ իրականացվել»,– ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահն իր ելույթում մինչ այդ նաև ասել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման։
«Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է, որ խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ, պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը։ Հետևաբար, ընտրության արդյունքները անվավեր ճանաչելն իրենից ներկայացնում է բավականին լուրջ քաղաքական և իրավական զենք, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում»,- ասաց Մուկուչյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։