ՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՈՐԴԸ ՓԱԽՈՒՍՏԻ Է ԴԻՄԵԼ ԳՆԱՑՔԻ ՀԵՏ ԲԱԽՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Հուլիսի 11-ին, Մասիս-Էջմիածին հատվածում, Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային:

Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին:

Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները: Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Основная тема:
Теги: