ՍՆՈՒՆԴ ՎԱՃԱՌՈՂ ՏԱՂԱՎԱՐՆԵՐ՝ ԱՐՅՈՒՆԻՑ ՆՈՐ ՄԱՔՐՎԱԾ ՏԱՆԿԵՐԻ ՈՒ ՍԱՂԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ.THE TELEGRAPH-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

The Telegraph-ը անդրադարձել է Ադրբեջանում բացված «ռազմավարի այգուն»՝ այն անվանելով Ադրբեջանի նոր պատերազմի «սարսափելի» թանգարան։

Նշվում է, որ ապրիլին բացվելուց ի վեր սարսափելի թանգարանը գրավել է տեղացիներին, ովքեր ոգևորված  զննում են կործանված հայկական տանկերը, այցելել փոքրիկ բար, հուշանվերների խանութ:

«Մի բան, որ պակասում է, սակայն, հաշտեցման ոգին է: Թանգարանի ստեղծողները ոչ միայն մեծահոգություն չեն դրսևորել հաղթանակում, այլ ջանք չեն խնայել իրենց թշնամիներին նվաստացնելու համար՝ ստեղծելով հայկական զորքերի մանեկենները՝ տգեղ տեսքերով»,-գրում է կայքը։

Ասվում է, որ թանգարանը բացվել է ապրիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որն այն որակել է որպես « ուժի և թշնամու պարտության ապացույց»:

«Բայց այն դատապարտել են մարդու իրավունքների զեկուցողները և Հայաստանի կառավարությունը, որոնք ասում են, որ դա «նվաստացնում է անցյալ աշնանը մարտերում զոհված 2500 զինվորի արժանապատվությունը»:

Քննադատները հատկապես ցնցված են զոհված հայ զինվորներից վերցված 480 մետաղական սաղավարտների ցուցադրմամբ, որոնցից ոմանց վրա փամփուշտներից և բեկորներից պատռված անցքեր են: Սաղավարտները մետաղալարով միացվում են վարագույրի ոճով, և երբ քամի է փչում, սաղավարտները զնգում են միասին»,-գրում է կայքը:

Նշվում է, որ Sunday Telegraph-ը վերջերս այցելել էր թանգարան՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու այցի ժամանակ։

«Այստեղ կան ավելի քան 300 հայկական տանկեր և զրահատեխնիկա, որոնց մի մասը ոչնչացվել է թուրքական անօդաչու հրթիռների կողմից», - ասել է թանգարանի գիդը, ավելացնելով, որ լվացվել են արյունը դրանց վրայից՝ նախքան դրանց ցուցադրումը:

Այգում նստարաններ են կառուցվել կանաչ հայկական զինամթերքի տուփերից, մինչ ցուցանմուշների միջով անցնող ճանապարհները նշող լուսավորությունները արված են հրետանային արկերից:

Պաղպաղակներ և բուրգեր վաճառող խորտկարանները ներկված են քողարկման կանաչ գույներով, իսկ նվերների խանութում «Ղարաբաղն Ադրբեջանն է» կարգախոսով փամփուշտներ են վաճառվում»,-գրում է կայքը:

Նշվում է, որ ոչնչացված ադրբեջանական զրահատեխնիկայի ցուցանմուշներ չեն ցուցադրվում, և անցած տարվա հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների միակ հիշատակումները կապված են հայկական զորքերի հետ:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայկական մանեկեններ պատրաստողները միտումնավոր դրանք «տգեղ» են նախագծել։

Նշվում է, որ Ադրբեջանը մերժել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ թանգարանի վերաբերյալ բողոք-նամակը, որն այն անվանել է «անհանգստացնող և նվաստացուցիչ»:

Արտաքին գործերի նախարարությունը պնդում էր, որ դա «խորհրդանշում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակը», գրում է կայքը, հավելելով, որ մասնավոր զրույցներում նույնիսկ որոշ ադրբեջանցի պաշտոնյաներ են անհանգստացած այգու ոճով:

Panorama.am