Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սերգեյ Իստրակովին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հարությունյանն այսօր ընդունել է Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:

«ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։