ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ
Թույլ կտամ ինձ մի փոքր էքսկուրս կատարել դեպի անցյալ։ Ուղիղ 25 տարի առաջ այն ժամանակ իշխող ՀՀՇ կուսակցությունը դատական հայց ներկայացրեց ընդդեմ «Գոլոս Արմենիի»-ի այն հոդվածի, որում խոսվում էր 1995թ.հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած մեքենայությունների և կեղծիքների մասին։ Հիշեցնեմ, որ հենց այդ օրը սկիզբ դրվեց ընտրական մանիպուլյացիաների խայտառակ պատմությանը, որոնք այն ժամանակ օգնեցին ՀՀՇ-ին պահպանել իշխանությունը։ Դատավարության ընթացքում պարզվեցին այնպիսի քանակությամբ փաստեր ու մանրամասներ, որ իշխանությունները ներկայացան ամենախորշելի կերպարանքով և արդեն իրենք էլ ուրախ չէին, որ ձեռնարկել էին այդ ամենը։
Իրավիճակը, իհարկե, ընդհանուր առմամբ չես համեմատի ներկա դրության հետ։ Բայց Սահմանադրական դատարանում ընթացող լսումները, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումները ԶԼՄ-ներում ու սոցցանցերում, աստիճանաբար բացահայտում են հունիսի 20-ի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների և հանցագործությունների ամբողջական պատկերը։ Եվ դրանցից յուրաքանչյուրը գործնականում այնքան համոզիչ ու անհերքելի է, որ իշխող կուսակցության, ինչպեսև իշխանություններին ամեն կերպ սպիտակեցնել փորձող ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների փաստարկներն ու արդարացումները բացահայտ ապիկար ու ծիծաղելի են հնչում։ Ճիշտ ինչպես 26 տարի առաջ, երբ իշխանությունները, փորձելով թաքցնել արածը, ավելի ու ավելի էին խճճվում ճշմարտության սարդոստայնում։
Ընդ որում ապշեցնում են ոչ միայն ընդդիմության կողմից դատարանում ներկայացված փաստերը, այլև այն հասարակ մարդկանց վկայությունները, որոնց ստիպում են ցուցմունքներ տալ Փաշինյանին ոչ հաճո, հետևաբար՝ «պատժի» ենթակա սյունեցի համայնքապետերի դեմ։ Նրանց պարզունակ պատմությունները հանգամանորեն ուրվագծում են այն սանձարձակ կամայականությունը, որ գործում է երկրում իշխող ուժը՝ հայտնի կապիտուլյանտի գլխավորությամբ, որը իբրև թե հավաքել է ձայների մեծամասնություն, ստացել «պողպատե մանդատ» ու որոշել հաշվեհարդար տեսնել բոլոր ընդդիմախոսների հետ ցանկացած միջոցով, կանգ չառնելով ոչ մի բանի առջև, թքած ունենալով օրենքի ու իրավունքի վրա, թքած ունենալով երկրի և պետության վրա։
Ներկայացնեմ մի քանի մեջբերում։ Ահա թե ինչ են ասում սահմանամերձ Որոտան գյուղի բնակիչները, որի ղեկավարին՝ արցախյան բոլոր պատերազմների մասնակից Սուրեն Օհանջանյանին, ոչ երիտասարդ և ոչ այնքան առողջ մարդուն երեկ դատարանի որոշմամբ կալանավորել են՝ մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ։
«Էնտեղ ես երեխոցս արև երդվում եմ, որ գյուղապետն ինձ չի ասել` ում ընտրեմ, ասում են` դու խաբում ես, Երևան պիտի քեզ տանեմ։ Ասում եմ` տար, կալանավորի, բայց ես ոնց սուտ ցուցմունք տամ, վաղը էն մարդու երեսին ես ոնց նայեմ, ինչ էդ մարդը ինձ ասել է, ես կրկնում եմ, սուտ բան չեմ կարող ասել: Կես ժամա փորս ճղում եմ, չեմ կարում համոզեմ: Բայց մեզ ասում են` ձեզ լրիվին էլ փողը տված է, որ Քոչարյանին ընտրեք...»։ Մեկ այլ բնակիչ տեղեկացրեց, որ կանանց կանչել են ոստիկանության Գորիսի բաժին և վախեցրել, որ կեղծ ցուցմունքների դեպքում իրենց դեմ քրեական գործ կհարուցեն։ Պատերազմում զոհվածի մայրն ասում է. «Ամբողջ այս համայնքը գյուղապետն է պահել ու էսօր պատասխան ինչ է ստանում, իմ երեխես զոհվել է հայրենիքի համար ու հողերը հետ տվեցին ու հիմա էլ էս գյուղապետի հետ են վարվում: Գյուղապետը բոլորիս կողքին կանգնել է, օգնել, աջակցել, եթե Օհանջանյանը դուրս չեկավ, բոլորս ելնելու ենք այս գյուղից, թող գան էս շակալների հետ ապրեն» (աղբյուրը՝ News.am):
Պատմում են Քարահունջ գյուղի բնակիչ ամուսինները, որի ղեկավարին ՝ Լուսինե Ավետյանին, նույնպես ձերբակալել են ։
«Ոստիկանությունում մեզ վախեցրեցին, թե կկալանավորենք,ստիպելով ցուցմունք տալ, իբր գյուղապետարանում մեր ստացած գումարը ոչ թե օգնություն է եղել, այլ կաշառք»: «Աշխատանքից տուն եմ եկել, կինս չկա։ Հարևաններն ասացին, որ տարել են բաժին։ Գնացի այնտեղ, իսկ նրանք սկսեցին վախեցնել ձերբակալությամբ։ Ասում են՝ կաշառք է տվել։ Մենք պատասխանում ենք, որ դա օգնություն է եղել, բայց դրանք իրենցն են զոռում ու վերջ։ Մի անգամ էլ Առուշին ենք դիմել (Գորիսի քաղաքապետին-խմբ.), նա մեզ 50.000 է տվել հիվանդանոցի համար։ Մենք ուզում ենք, որ Լուսինե Ավետյանը դուրս գա, նա գյուղի լավ ղեկավար է, միշտ օգնել է ցանկացած հարցում» (աղբյուրը՝ «Զանգեզուր» հեռուստաընկերություն)։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ գրասենյակ բողոքներ են ներկայացվել այն մասին, որ Գորիսի բնակիչներին բերման են ենթարկում ոստիկանություն և ստիպում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Նրանցից ոմանց բաժանմունքում պահում են ժամերով՝ պահանջելով ցուցմունք տալ, թե Գորիս համայնքի ղեկավարը, Քարահունջի և Որոտանի գյուղապետերն իրենց օգնություն են հատկացրել որպես ընտրակաշառք։ Հաղորդվում է նաև, որ ճնշում է գործադրվում, մասնավորապես, կանանց նկատմամբ, նրանց սպառնում են, որ կձերբակալեն, ամուսիններին կտանեն Երևան ու կկալանավորեն:
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի խոսքերով՝ բոլոր նրանց, ովքեր սոցիալական օգնություն են ստացել, կանչում են հարցաքննության։ «Բնակիչներն ասում են, որ իրենցից պահանջել են, որ գրավոր կերպով ներկայացնեն դա որպես ընտրակաշառք։ Սրանք ոչ թե տասնյակ դեպքեր են, այլ հարյուրավոր, երբ քաղաքացիներին ստիպում, պարտադրում են, կանանց վախեցնում, որպեսզի ստիպեն ցուցմունք տալ»,- «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նա։
Հիշեցնեմ, խոսքն ընտրությունների մասին է, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, իշխող կուսակցությունը ստացել է ձայների 53,91%։ Այսինքն ճնշող առավելության է հասել ընդդիմադիր մի դաշինքի հավաքած 21,9% -ի և մյուսի 5,22% -ի խորապատկերին։ Հաշվի առնելով խախտումների քանակը, որոնց ապացույցները քվեարկության օրը ներկայացվել են սոցցանցերում և ԶԼՄ-ներում, հաշվի առնելով այն ամենը, որ այսօր հնչում է ՍԴ-ում որպես իշխանության կողմից թույլ տրված ամենատարբեր բնույթի իրավախախտումների ապացույց, հարց է ծագում. ինչի՞ համար էր արվում այդ ամենը ընտրություններից առաջ, ընթացքում և հետո, եթե իշխող կուսակցությունը իբր այդչափ վստահ, մեծ առավելությամբ հաղթել է։
Անշուշտ, նախևառաջ խնդիր էր դրված ամեն կերպ պահպանել Փաշինյանի իշխանությունը, և այդ կոնսենսուսը բխում էր բոլոր արտաքին խաղացողների շահերից, որոնք այսօր ավելի էական դեր են խաղում Հայաստանի ներքին գործընթացներում, քան երբևէ։ Սակայն, դատելով հետընտրական գործընթացներից, դատելով այն տոկոսներից, որոնք իշխանությունը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է Սյունիքում, դրված էր նաև այլ նպատակ. ստիպել հայ ժողովրդին հիասթափվել ինքն իրենից։ Հավատալ, թե մեր մեծամասնությունն այնքան անուղեղ է, անսկզբունքային ու ծախված, որ դիմել է համաշխարհային պատմության մեջ աննախադեպ քայլի. վերընտրել Հայրենիքի մի մասը թշնամուն հանձնած, պետությունը կործանած և երկրի ու ազգի դեմ հանցագործությունները շարունակող կապիտուլյանտին։
Ոչ ոք չի վիճում. Հայաստանում իսկապես կա այդպիսի մարդկանց շերտ։ Նրանց վարպետորեն մանիպուլյացիայի են ենթարկում, նրանց կաշառում են, խաբում, բացարձակ զառանցանքներ ներշնչում, նրանց վախեցնում են և այլն։ Բայց համընդհանուր ինքնախարազանման այն ալիքը, որը սկսվել է հունիսի 20-ից հետո, ցույց է տալիս, որ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել քաղաքացիների նաև ողջամիտ զանգվածին՝ ստիպելով հիասթափվել սեփական ժողովրդից։ Հավատացնել, թե իրենք՝ սթափ դատող, նորմալ, մտածող, Արցախի և Հայաստանի ճակատագրով խորապես մտահոգ և իրականում կատարվող ամենը շատ լավ հասկացող մարդիկ, փոքրամասնություն են։
Մինչդեռ որքան ավելի են զարգանում իրադարձություններն ու ի հայտ գալիս նոր փաստեր, այնքան ավելի ես համոզվում, որ ընտրությունների իրական արդյունքներն արմատապես տարբերվում են ԿԸՀ-ի ներկայացրած թվերից։ Այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ում, այն, ինչի մասին վկայում են հասարակ քաղաքացիները, ապացուցում է, որ Նիկոլը չի հաղթել։ Իսկ եթե անգամ ունեցել է առավելություն, ապա ոչ այնքան անվերապահ ու նշանակալի, որքան հետևում է ներկայացված արդյունքներից։
Քանզի եթե նա հաղթում էր այդքան մեծ առավելությամբ, եթե լիակատար հաղթանակի վստահություն կար, ինչի՞ համար էին այդ լայնածավալ կեղծիքները։ Ինչո՞ւ էր պետք ձայների հաշվարկի պահին գործնականում միաժամանակ հոսանքազրկել բազմաթիվ ընտրատեղամասեր։ Որևէ մեկը կարո՞ղ է այդօրինակ մեկ այլ դեպք հիշել գոնե վերջին տասնամյակում, երբ Վրաստանում տեխնիկական խնդիրների պատճառով հանկարծ անջատված լինի էլեկտրականությունը Հայաստանի մի ամբողջ շարք շրջաններում։ Իսկ գուցե պետք էր պարզապես լցոնե՞լ քվեատուփերը քվեաթերթիկներով. հնարք, որն առաջին անգամ փորձարկվել է հենց 1995 թվականին, երբ երկրում իրոք էլեկտրականության հետ կապված խնդիրներ կային։
Ինչո՞ւ էր պետք նման աննախադեպ մասշտաբներով օգտագործել վարչական ռեսուրսը, ճնշում գործադրել ընտրողների վրա, սպառնալով բռնությամբ, խորացնել պառակտումը և ահագնացնել ատելությունը հասարակության մեջ, հսկողության տակ կազմակերպել զինծառայողների և ոստիկանների քվեարկությունը սահմանամերձ շրջաններում, օգտագործել ծակ քվեատուփեր, թափանցիկ ծրարներ, խախտել լռության օրվա կանոնները, թափահարել մուրճն ու ճղավել վրեժի մասին, տուն տանել կնիքները և այլն, և այդպես շարունակ։ Եթե, կրկնեմ, կար և կա վստահություն, թե ժողովրդի մեծ մասը սատարում է Փաշինյանի քաղաքականությանն ու ցանկանում հետագայում էլ տեսնել նրան պետության ղեկավարի պաշտոնում։
Քանզի պետք էր ոչ միայն պահել նրան իշխանության ղեկին՝ հայոց պետականության կազմաքանդումն ավարտին հասցնելու համար։ Այլև համոզել մեզ՝ հայերիս, թե մենք ինքներս ենք ընտրում նման փսլինքին, հետևաբար՝ արժանի չենք անկախության և չունենք ազգային ու մարդկային արժանապատվության իրավունք։ Դեռ մեկ ամիս էլ չի անցել ընտրություններից, բայց արդեն բացվում է միանգամայն այլ պատկեր։ Եվ սա, ամենայն հավանականությամբ, լոկ սկիզբն է։