Երասխում մահացու հրազենային վիրավորում է ստացել 38-ամյա պայմանագրային զինծառայողը
Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը, տեղեկացնում է Փաստինֆո-ն: