ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԹԻՄՈՒՄ ՉԿԱՆ. ԲՈԼՈՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՄԲ

Գնդապետ Հայկ Գրիգորյանը զբաղեցրել Էր Քննչական կոմիտեի պետի պաշտոնը՝ անցնելով ծառայողական վերելքի բոլոր աստիճանները։ Ներկայիս ղեկավարության կողմից նա ընկալվում էր որպես նախորդ իշխանության բեկոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կանխատեսումներն այն մասին, որ շատ շուտով նա տեղը կզիջի իր տեղակալին, հայտնվեցին դեկտեմբերին, երբ Արգիշտի Քյարամյանը զբաղեցրեց ՔԿ պետի տեղակալի պաշտոնը։ Օրերս Քյարամյանը նշանակվեց ՔԿ պետի պաշտոնում. դա տեղի ունեցավ քաղաքական բռնաճնշումների թեժ շրջանում, որոնք անմիջականորեն հաջորդել են հունիսի 20-ի քվեարկության պաշտոնական արդյունքների ամփոփմանը:

Մենք չենք թվարկի բոլոր այն պաշտոնները, որ վերջին 3 տարում փոխել է Քյարամյանը (այդ առումով նա բացարձակ ռեկորդակիր է), կանգ կառնենք այն առանցքային դիրքերի վրա, որոնք այդ պարոնին դարձրել են փաշինյանական ռեժիմի ամենախորշելի դեմքերից մեկը։

Քյարամյանի կարիերան շատ բանով հիշեցնում է Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղին։ Նիկոլը վերջինիս դուրս բերեց անէությունից ու դարձրեց մարզպետ. հրճված Գարիկը երկար ժամանակ պատմում էր այն մասին, թե ինչպես է կոկորդիլոսներ բազմացնելու իր մարզում։ Քյարամյանի մասին նույնպես նախքան իշխանափոխությունը ոչ ոք չգիտեր։ Իր վերելքն Օլիմպոս նա սկսեց, երբ 30 տարեկան էլ չկար, իր բանկային հաշվեհամարին 100 հազար դոլար գումարի ծագման բացատրությամբ։ Լրագրողները հարցրեցին. «Որտեղի՞ց են այդ գումարները»։ Քյարամյանը պատասխանեց. «Նվիրել են»։ Հարյուրերորդ անգամ չենք նկարագրի կադրային բարդ կոմբինացիաները, որոնց արդյունքում Քյարամյանը զբաղեցրեց ԱԱԾ ղեկավարի պաշտոնը. դրանք հանրահայտ են։ Փոխարենը՝ քիչ բան է հայտնի ԱԱԾ ղեկավարի պաշտոնից նրա շուտափույթ հրաժարականի պատճառների մասին։ Այդ պաշտոնը հենց այնպես չեն լքում…

Նշանակվելով համակարգի ղեկավար՝ Քյարամյանն անմիջապես կադրային ջարդ նախաձեռնեց. Փողոցից եկած մարդիկ գենետիկ հակակրանք են տածում պրոֆեսիոնալների նկատմամբ։ Երբ պաշտոնանկությունների շուրջ աղմուկ բարձրացավ, նա սկսեց հիմնավորել ջարդը գաղափարական հարթակով՝ պատճառաբանելով, որ այդ մարդիկ իրենց մասնագիտությունը սովորել են Ռուսաստանում։ Այլ կերպ ասած՝ Քյարամյանին չէր գոհացնում հետախուզության ու հակահետախուզության ռուսական դպրոցը։ Չէ՞ որ ինքն անձամբ, ի տարբերություն հատուկ ծառայության պրոֆեսիոնալների, ոչ մի տեղ չի սովորել, ուստի շատ շուտով լքեց ԱԱԾ ղեկավարի պաշտոնը՝ առանց նշելու պատճառները, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում կառույցը պաշտոնակատարի կարգավիճակով գլխավորում էր, պայմանականորեն ասած՝ ռուսական դպրոցի ներկայացուցիչ Միքայել Համբարձումյանը։

Կենսագրություն՝ կադրից դուրս

Առ այսօր բոլորի ականջին է «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի հնչեցրած մեղադրանքը։ Նա հայտարարեց, որ հայերենին տիրապետող 1400 ադրբեջանցիներ Քյարամյանի մեղքով ստացել են հայկական անձնագրեր։ Մինչ օրս խավարի քողով են պատված մարտական գործողությունների թեժ պահին Շուշիի զորամասում Քյարամյանի ներկայության իրական պատճառները։

Քյարամյանին տալիք բազմաթիվ հարցեր են կուտակվել, մասնավորապես, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ, ինչպես նաև՝ կապված բանկային մասնաճյուղում առկա գումարները Շուշիից դուրս բերելու և Հայաստանից մեկնած 400 ոստիկաններին Մշակույթի տանը տեղակայելու հետ, որտեղ հակառակորդի թիրախային հարվածների հետևանքով զոհվեց 22 մարդ: Ի դեպ, Հարությունյանի մեքենային նույնպես հարվածել են նշանառությամբ, առ այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպես են ադրբեջանցիները ստացել հրամանատարի գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատները։ Հարությունյանը, հիշեցնեմ, ողջ մնաց հրաշքով։

Շուշին հանձնելուց անմիջապես հետո Քյարամյանը գնաց ուղիղ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում պատմեց գեներալ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ Շուշիում իր հանդիպման պատմությունը: Նա ոչ մեկին ու ոչ մի բանում ուղղակիորեն չմեղադրեց, բայց պատմածից հետևում էր, թե Վանեցյանը լքել է այն դիրքը, որի համար պատասխանատու էր ըստ պայմանավորվածության։ Մի խոսքով, պարզ դարձավ, որ Քյարամյանը գնացել է հեռուստաընկերություն, որպեսզի զրպարտի Վանեցյանին ու ներկայացնի նրան իբրև վախկոտ. նման առաջադրանք էր տվել նրան Փաշինյանը։ Դա այն ժամանակ էր, երբ կապիտուլյանտը ամեն անկյունում ճղավում էր, թե պատերազմը տանուլ ենք տվել այն պատճառով, որ Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն մեկնել ռազմաճակատ՝ իրենց ջոկատների գլուխ կանգնած։

Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվեցին Շուշիի այդ իրադարձությունների ականատեսների վկայությունները: Մասնավորապես, գնդապետ Աշոտ Բադալյանը, որը Վանեցյանի հրամանով ազատվել էր ԱԱԾ համակարգում զբաղեցրած պաշտոնից, մանրամասն նկարագրեց այն իրադարձությունները, որոնց մասին խոսում էր Քյարամյանը։ Նրա պատմածից հետևում էր, որ Վանեցյանը ոչ մի տեղ էլ չի փախել, սակայն գնդապետն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ գործ ուներ Քյարամյանը պաշարված քաղաքում։ Ընդհանրապես այդ երիտասարդի կենսագրության մեծ մասն այդպես էլ մնացել է կադրից դուրս…

Կապիտուլյանտի պահունակում

Վերջերս Քյարամյանը պարգևատրվեց «Արիության համար» մեդալով, ընդ որում ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե որտեղ և ինչ հանգամանքներում է Քյարամյանը դրսևորել այդ արիությունը: Մի՞թե նրա «սխրանքին» ոչ ոք ականատես չի եղել։

Պարգեվատրմանն անմիջականորեն հաջորդեց Քյարամյանի նշանակումը ՔԿ պետի պաշտոնում: Քննչական կոմիտեն պետական կարևորագույն կառույցներից մեկն է, Քյարամյանի նշանակումը պետության փլուզմանն ուղղված կադրային քաղաքականության շարունակությունն է։ Կարելի է համարել, որ նման կառույց այլևս գոյություն չունի…

Քյարամյանը կարևոր օղակ է կապիտուլյանտի պահունակում։ Նրա նշանակման նպատակը նույնն է, ինչ Արտակ Դավթյանի նշանակումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Նույն այդ պահունակում են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, գլխատված ԱԳՆ-ը, լուրերն ԱԱԾ-ի և ոստիկանության միավորման մասին միասնական մարմնի կազմում՝ Փաշինյանի մտերիմ ընկեր ու դրածո գեներալ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Նույն պահունակում է Սյունիքի մարզպետի պաշտոնում Նիկոլի դրածո Մելիքսեթ Պողոսյանը, որը դժգոհություն չունի ադրբեջանցի բռնազավթիչների նկատմամբ։ Ի դեպ, որևէ մեկը նկատե՞լ է, որ արդեն երրորդ ամիսն է անցնում օկուպացիայի օրվանից։

Նույն պահունակում է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը ՊՆ հետախուզական վարչության պետի պաշտոնից ազատվեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, քանի որ չէր ապահովել անհրաժեշտ հետախուզական տվյալները Արցախում շփման գծի ողջ երկայնլով Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ։ Հետաքրքիր է, ի՞նչ խորհուրդներ էր տալիս նա Փաշինյանին 44-օրյա պատերազմի ժամանակ։

Քանի որ պետության փլուզմանն ուղղված կադրային քաղաքականությունը իրականացվում է քաղաքական բռնաճնշումների թեժ պահին, վերաձևակերպեմ Իոսիֆ Վիսարիոնիչի այն արտահայտությունը, որ կադրերն են վճռում ամեն ինչ։ Նիկոլի կադրերն արդեն վճռել են (ոչնչացրել են) ամեն ինչ, Հայաստանում գոյություն չունի նորմալ գործող պետական մեքենա։ Կործանման գործընթացն իրականացվում է ողջ թափով, կապիտուլյանտի կադրային պահունակում պատահական մարդիկ չկան. բոլորը զբաղված են պետության փլուզմամբ։