ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է, Ի՞ՆՉ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՎԻՆՅԱՆԸ
«Մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»,- կառավարության հուլիսի 15-ի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը: Հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, նա մատնանշեց կարգավորման հիմքում ի սկզբանե դրված երեք սկզբունքները ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը և տարածքային ամբողջականությունը։ Համանախագահների այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ գործընթացի վերսկսմանը։
Դրա նախորդ օրը Արցախի կարգավիճակի մասին խոսեց նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման անհնար է խոսել Ադրբեջանի հետ ինչ-որ խաղաղ համաձայնագրերի մասին»,- ասաց նա՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, որը Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր ստորագրելուն անպատրաստ լինելու մեջ: «Քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, կարծում եմ` ընդհանուր այլ լուծումների մասին և այլ մոտեցումների մասին դժվար կլինի խոսել»,- ասաց Ավինյանը:
Նախևառաջ նշենք, որ Փաշինյանը ջանադրաբար և գիտակցաբար շրջանցում է այն փաստը, որ ռազմական ագրեսիա սանձազերծելով Արցախի դեմ ՝ Բաքուն կոպտորեն խախտել է երեք սկզբունքներից մեկը, որը նաև ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է. ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը։ Այդ կարևորագույն խնդիրը, որի մասին պետք էր հետպատերազմյան բոլոր ամիսներին բղավել դիվանագիտական ամեն անկյունում, ՀՀ իշխանությունները միտումնավոր լռության են մատնում, և պատճառներն ընկած են մակերեսին, եթե դիտարկենք վերջին երեք տարիներին իրենց վարած քաղաքականությունը։
Ինչպես որ, ասենք, լռում և օգնում են Ալիևին խուսափել խնդիրներից ագրեսիայի նաև այլ հանգամանքների առումով. արգելված զինատեսակների կիրառում, միջազգային ահաբեկիչներ հանդիսացող վարձկանների օգտագործում, եռակողմ հայտարարության առնվազն մեկ՝ ռազմագերիներին վերաբերող կետի կոպիտ խախտում Ադրբեջանի կողմից։ Թվարկումը կարելի է շարունակել, սակայն, դատելով ամենից, ինչպես նաև հաշվի առնելով Ալիևի հրավերով Շուշի այցելելու Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների մերժումը, միջնորդները բավական հաստատակամորեն մտադիր են վերսկսել բանակցային գործընթացը:
Իհարկե, երկրներից յուրաքանչյուրն առաջվա պես կփորձի իր ձուկը որսալ արցախյան կարգավորման չափազանց պղտոր ջրում։ Սակայն ինքնին այդ փաստը հիմք և հնարավորություն է տալիս հայկական կողմին փորձել առավելագույն օգուտ քաղել անգամ Երևանի և Ստեփանակերտի համար այսքան անմխիթար իրավիճակում։
Առաջին հայացքից Փաշինյանն ու իր թիմակիցը ճիշտ բաներ են ասում ՝ բարձրացնելով կարգավիճակի հարցը ինքնորոշման իրավունքի համատեքստում։ Այդ մասին, հիշեցնեմ, խոսվեց վերջերս Արայիկ Հարությունյանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ Պարզ է, որ մի իրավիճակում, երբ Արցախի Հանրապետության սուբյեկտությունը կապիտուլյանտի ջանքերով հասցվել է նվազագույնի, հենց Հայաստանի վրա է ընկնում դիվանագիտական աշխատանքի ողջ ծանրությունը հետագա բանակցություններում։ Այս ծանր մինուսը է՛լ ավելի ակնհայտ է դառնում, եթե հաշվի առնենք հայկական դիվանագիտության վիճակը։ Եթե նախկինում կադրային դիվանագետները փոքրիշատե դիմադրություն էին ցուցաբերում Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը, ապա այժմ, ԱԳՆ ողջ ղեկավար կազմի հրաժարականից և ՀՀ ԱԳՆ-ի փոխնախարարի պաշտոնում բացարձակ զրոյի նշանակումից հետո՝ հանձին Արմեն Գրիգորյանի, ընդ որում նախարար նշանակվելու հեռանկարով, որևէ ակնկալիք լինել չի կարող։
Ընդգծենք գլխավորը. Փաշինյանն ու Ավինյանը խոսում են ինքնորոշման իրավունքի մասին՝ գիտակցաբար չնշելով կարևորագույն պայմանը. ինքնորոշումը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս։ Ոչ մի անգամ ոչ միայն հետպատերազմյան ողջ ընթացքում, այլև պատերազմից առաջ Փաշինյանը հստակ չի հայտարարել այն, ինչի մասին պնդում էր ՀՀ նախկին ղեկավարությունը. Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ընդհակառակը, ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունները համաձայն են Արցախի ինքնորոշմանը բացառապես Ադրբեջանի կազմում։ Եվ սա հենց այն է, ինչին պատրաստակամորեն համաձայնել է Փաշինյանի քաղաքական ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1992թ. գարնանը։ Խոսքն ընդամենը Փաշինյանի կողմից հանձնված հայկական երկրամասի ինքնավարության և նրա անմիջական ենթակայության մասին է Բաքվին։
Պարզապես զարմանալի է, թե որքան համակարգված, հստակ, դիպուկ պասերով են գործում Նիկոլն ու իր ադրբեջանցի հանցակիցը։ Ալիևն իսպառ բացառում է բանակցությունների վերսկսման բուն հնարավորությունը՝ հայտարարելով, թե հակամարտությունը լուծված է և հարցը՝ փակված։ Փաշինյանը խոսում է կարգավիճակի մասին՝ մի բառով անգամ չհիշատակելով Արցախի անկախությունը։ Խոսքը տվյալ դեպքում նույնիսկ այն սահմանների մասին չէ, որոնցով կարող է ճանաչվել հայկական հանրապետության անկախությունը. խնդրի էությունն այն է, որ ՀՀ գործող իշխանություններն ի սկզբանե մերժում են նրա անկախ կարգավիճակի գաղափարը։
Եվ եթե հիպոթետիկ բանակցությունների արդյունքում Ալիևը ողորմածաբար համաձայնի մշակութային ինքնավարության կարգավիճակ շնորհել Արցախին, դա կմատուցվի որպես Փաշինյանի դիվանագիտական մեծ հաղթանակ։ Նրա այդ «հաղթանակը» լիովին կգոհացնի Ադրբեջանին, որը կլուծի գլխավոր խնդիրը. իրեն կպահի Արցախը։ Մնացյալ ամենն արդեն հետաքրքիր չէ, քանզի կա Նախիջևանի վառ օրինակը։
Այն մասին, որ Փաշինյանը պատրաստ է համաձայնել Արցախի դիվանագիտական հանձնմանը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող պայմանագրի ստորագրմանը, վկայում է ոչ միայն երեք տարվա նրա իր բոլոր գործողությունների դավաճանական ու ցինիկ տրամաբանությունը։ Այդ մասին համոզիչ կերպով վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից, եթե, իհարկե, այդպիսին դեռ գոյություն ունի, իսպառ անհետացել է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։
Այսօր դա հնչում է որպես տարաշխարհիկ մի բան, բայց նախկին բոլոր տարիներին հարցը մշտապես եղել է օրակարգում՝ լուծում չստանալով տարբեր պատճառների բերումով։ Երևանը մշտապես շեշտել է, որ չի ճանաչում Արցախը, որպեսզի չխանգարի բանակցային գործընթացին, և դրանում կար ուրույն տրամաբանություն։ Համենայնդեպս Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Անշուշտ, ներկա իրավիճակի համատեքստում ճակատագրական սխալ է թվում նախկին տարիների հրաժարումը ճանաչումից։ Սակայն հենց այսօր, երբ գոնե ինչ-որ բան փրկելու փոքրիկ հնարավորություն կա, ՀՀ-ի կողմից ճանաչումը կարող էր դառնալ այն փրկօղակը, որը հնարավորություն կտար դիվանագիտական սեղանի շուրջ սկսել հետ նվաճել դավաճանական պատերազմի արդյունքում կորցրածի փոքր մասը։ Համենայնդեպս դա հնարավորություն կտար պայքարել Հադրութի և Շուշիի համար, ինչի մասին զգուշորեն խոսում են քաղաքական գործիչներն ու փորձագետները։
Հիշենք բազմիցս հնչած հայտարարությունները, այդ թվում՝ մեծ տերությունների ղեկավարների շուրթերից, որ եթե Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Արցախը, ինչո՞ւ պիտի դա անեն այլ երկրները։ Այդ մասին ուղիղ տեքստով խոսել է նախագահ Պուտինը, այդ մասին ակնարկել է նախագահ Մակրոնը այն օրերին, երբ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին համապատասխան բանաձևեր և մեծ ճեղքում էր սպասվում: Բայց Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ոչ մի անգամ չհայտարարեց ճանաչման հնարավորության մասին, թեև կորցնելու բան, ի տարբերություն նախորդ տարիների, մենք այլևս չունենք։
Իրոք որ, ինչո՞վ է սպառնում նման քայլն այսօր։ Պատերազմո՞վ։ Դա արդեն տեղի է ունեցել, այն էլ՝ առավել քան աղետալի։ Բանակցությունների ձախողմա՞մբ։ Դրանք առանց այդ էլ չկան։ Համանախագահների հետ հարաբերությունների վատթարացմա՞մբ։ Իսկ ինչ է, Հայաստանը նորմալ դիվանագիտական օրակարգ ունի՞ որևէ երկրի հետ, չհաշված աշխարհի հզորներից յուրաքանչյուրի քմահաճույքը կատարելու Փաշինյանի բացարձակ պատրաստակամությունը, միայն թե ինքը մնա իշխանության ղեկին։
Եվ եթե պաշտոնը պահպանելու համար նրան պետք լինի կնքել ևս մեկ կապիտուլյանտային պայմանագիր, նա կանի դա առանց վարանելու։ Ընդ որում՝ կմատուցի որպես իր հաղթանակ։ Արցախի անկախության ճանաչումը գոնե ԼՂԻՄ-ի սահմաններով կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում և դառնալ այն հաղթաթուղթը, որը թույլ կտա հայկական պահել Արցախը։ Բայց հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը երբեք այդ քայլին չի գնա։
Կստորագրվի՞ արդյոք տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը, հավանաբար, կշրջի հայոց պատմության վերջին էջը: Եթե դա տեղի չունենա, ապա բնավ ոչ Հայաստանի իշխանությունների շնորհիվ, այլ կրկին իսկ աշխարհաքաղաքական դասավորությունների արդյունքում, որոնց պարագայում դա հանկարծ ձեռնտու չի դառնա գործընթացի սուբյեկտներից մեկին։ Իսկ Հայաստանն այդտեղ վաղուց արդեն լոկ օբյեկտ է...