Արցախի ՄԻՊ․ Եթե Ալիևը 30 տարվա ընթացքում չի հասկացել, ուրեմն պետք է պարտադրել այդ լուծումը

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը։ Նման հայտարարություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

«Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը և պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային»,–գրել է Ստեփանյանը։

Բացի այդ, Արցախի ՄԻ պաշտպանն ասում է նաև, որ Ալիևի` տարբեր առիթներով արած հայտարարությունները հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում։ Նա վստահ է` արցախցին երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ. սա տարիների դառնությամբ փաստագրված իրողություն է:

Ստեփանյանը կարծում է, որ իմաստազուրկ և ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը։ Արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է:

«Միջազգային հանրությունը պիտի ընկալի, որ չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության «թույնով»։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով»,–ասում է Ստեփանյանը։

Նրա խոսքով` այդ ամենի հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել, տեղեկացնում է Sputnik Armenia։