Ադրբեջանցի պատգամավորների պատվիրակությունը Հյուսիսային Կիպրոսում է
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս` Կիպրոսում թուրքական զորքերի տեղակայման 47-ամյակի կապակցությամբ, որի արդյունքում փախստական է դարձել 200.000 բնակիչ, սպանվել են հազարավոր մարդիկ, բռնաբարվել են հարյուրավոր կանայք, գրել է Greek city times-ը:
Ընդունելով Սամեդ Սեյիդովի գլխավորած՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսի միջազգային գործերի և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի պատվիրակությանը, թյուրքալեզու համայնքի ղեկավար Էրսան Սաները համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կճանաչի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»:
Ոչ մի այլ երկիր չի ճանաչում այս ապօրինի կազմավորումը, բացի Թուրքիայից, որը խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերը:
Պատվիրակության կազմում են ադրբեջանցի պատգամավորներ Ասիմ Մոլլազադեն, Էրկին Գադիրլին, Նիգար Արփադարայը և Նասիբ Մահամալիևը:
Սեյիդովն ասել է, որ իրենք ԵԽ-ում կպաշտպանեն Հյուսիսային Կիպրոսի իրավունքները, և շեշտել է, որ Կիպրոսի հարցում Ադրբեջանում չկա կառավարություն կամ ընդդիմություն:
«Սա մեր հողն է: Թյուրքական աշխարհում կա Թուրքիա, կա Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոս», - ասել է նա:
Սեյիդովը հայտարարել է, որ օկուպացված Կիպրոս այցը նախատեսված էր հուլիսի 16-19-ին, սակայն երբ նրանց հայտնել են, որ հուլիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանելու է կղզի, որոշել են հետաձգել իրենց այցը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսը մասնակցել է արդբեջանական ռեժիմի կողմից ավելի քան 40 դիվանագետների համար կազմակերպված քարոզչական շրջագայությանը դեպի վերջերս գրավված Լեռնային Ղարաբաղի՝ պատմականորեն հայկական շրջաններ:
Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրել է սարսափելի պատերազմական հանցագործությունների, ինչպիսիք են մարդկանց գլխատումը, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը և եկեղեցիների վրա դիտավորյալ հարձակումը, տեղեկացնում է News.am-ը: