Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆԸ՝ ԼԱՊՇԻՆԻՆ․ ԳՈՒՑԵ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԵ՞ՆՔ ՄԵՐ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որևէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ։
Ալեքսանդր Լապշինը այդ ձայնային հաղորդագրությունը (ուշադրություն դարձրեք, դա ձայնագրություն չի եղել) ուղարկել է 2020թ․ նոյեմբերի 11-ին՝ հիշեցնելով մեր ընդհանուր խոսակցությունը 2019թ․ մայիսի 11-ին։ Ես այդ ժամանակ բազմիցս Լապշինին խնդրել եմ հրապարակային խոսել, մինչդեռ նա ինքն է ասել, որ չի կարելի դա անել, քանի որ կա անվտանգության խնդիր։
Լապշինին ես ճանաչում եմ 2016-ի դեկտեմբերից, նրան և նրա ընտանիքին օգնել եմ ամեն ինչով, երբ նա կալանավորվել էր Բելառուսում և ուղարկվել Ադրբեջան։ Լապշինի խնդրանքին՝ չհրապարակել դա իր անվտանգության համար, ընդառաջել եմ, թեպետ իրեն ասել եմ, որ բոլոր դեպքերում պետք է խոսել այդ մասին․ չէ՞ որ ես էլ ունեմ անվտանգության խնդիր։
Հուսով եմ, այս անգամ ևս հերքումներ չեն լինի, քանի որ ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները։ Ես սովոր եմ խոսել փաստերով, և եթե մեկը ինձ մեղադրում է ստախոսության կամ կեղծիքի մեջ, պետք է դրա համար փաստեր ունենա։ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները»,- գրել է նա։