Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ, ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Հայաստանում քաղծառայողների թիվը 208 հազար է: Եթե դրան գումարենք բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և տեղական ինքնակառավարման ողջ վարչակազմը, ապա մենք ստանում ենք մոտ 300 հազար մարդ: Նրանց ընտանիքի անդամների հետ միասին այդ ցուցանիշն արդեն կկազմի 500-600 հազար: Այս մասին հուլիսի 17-ին «Մտքի փոթորիկ. Հետընտրական Հայաստանը, իրողություններն ու սպասելիքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ ընտրություններում Փաշինյանի իշխանության մեջ գտնվող կուսակցության օգտին քվեարկել է 688.761 ընտրող (գրեթե 54 տոկոս):

«Համեմատության համար նշենք, որ 2018-ին իշխանությունները ստացել էին 884456 ձայն (70.4 տոկոս): Կարելի է պատկերացնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» ուժային կուսակցության կողմից` վարչապետի ղեկավարությամբ, այլ հատուկ ձևավորված չեզոք ժամանակավոր կառավարության կողմից: Միանշանակ պարզ է, որ ընտրությունների արդյունքներն այլ կլինեին: Այդ ժամանակ իսկապես հնարավոր էր խոսել բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորություններով ժողովրդավարական ընտրությունների մասին:

Եվ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իշխող կուսակցության պարզ վերարտադրություն է՝ վարչական ռեսուրսների առավելագույն օգտագործմամբ և արտաքին խաղացողների լուռ աջակցությամբ: Ներկայիս իշխանությունները գերազանցել են նախորդներին բոլոր հոդվածներով ընտրողի նկատմամբ վարչական ճնշման գործադրմամբ: Նախկինները, իհարկե, նույնպես օգտագործում էին վարչական ռեսուրսները, բայց, միևնույն ժամանակ, նրանք զգուշանում էին բազմաթիվ օտարերկրյա դիտորդներից, ԵԱՀԿ ներկայացուցիչներից, դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներից և Սորոսի հասարակական կազմակերպություններից, որոնք խստորեն վերահսկում են չնչին խախտումներն ընտրությունների ընթացքում»,- նշեց փորձագետը:

News.am