Նորընտիր Ազգային ժողովը առաջին նիստը կանցկացնի հուլիսի 26-ին

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստը կանցկացնի հուլիսի 26-ին: Այս մասին News.am-ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Հուլիսի 26-ին նիստ կհրավիրեն, քանի որ նրանք առաջադրել են վարչապետի թեկնածու, նախագահը կստորագրի, արդեն կսկսեն նրանք ընտրել ԱԺ նախագահ, տեղակալներ և այլն»,-ասաց նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինք` 66 650 քվե կամ 5.22%։

Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» և պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։