Առուշ Առուշանյանի պաշտպանն ի պատասխան ՀՔԾ–ի՝ փաստաթուղթ է հրապարակել
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանը հրապարակել է քննչական խմբի այն որոշումը, որն իրեն և դատարանին է տրամադրվել և որտեղ երևում է, թե ով է Առուշանյանի դեմ գործով քննչական խմբի ղեկավարը։ Ըստ Առուշայանի պաշտպանի ֆեյսբուքյան էջում հրապարակված որոշման` քննչական խմբի ղեկավար է նշանակվել Արման Մանուչարյանը։
Նշենք, որ Ալեքսանյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Առուշանյանին կալանավորելու միջնորդության որոշումը կայացրել է քննիչ Խորեն Մեջլումյանը, երբ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է Արման Մանուչարյանը։ Ի պատասխան ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել էր, որ Մեջլումյանն է ղեկավարը քննչական խմբի, որի մասին տեղյակ են նաև պաշտպանները։
«ՀՔԾ մամուլի քարտուղարը այս հայտարարությունը տարածելիս հանդես է գալիս որպես քրեական գործ հարուցելու զեկուցագիր կազմող քրեադատավարական սուբյե՞կտ, թե՞ զուտ հանրությանը տեղեկատվություն փոխանցող: Հենց այս տեղեկությունը պարզաբանվի, սպառիչ արձագանք կտանք»,–ասում է Ալեքսանյանը` հրապարակելով քննչական խմբի այն որոշումը, որն իրեն և դատարանին է տրամադրվել։
Պաշտպանը հորդորում է կամք ունենալ սխալներն ընդունելու և իր հայտարարություններին արձագանքելիս չօգտագործել «մանիպուլյատիվ» «էժանագին» բառերը, հակառակ դեպքում հաջորդ անգամ շատ կոշտ պատասխան կստանան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։