Թուրքիան չի բացառում սահմանների փակումն արտասահմանցի զբոսաշրջիկների համար
Թուրքիայի իշխանությունները չեն բացառում երկրի սահմանների փակումն արտասահմանցի զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի «դելտա» շտամի կտրուկ տարածման դեպքում, սակայն նման հարց օրակարգում չկա:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մահմեդ Նուրի Էրսոյը:
«Որևէ երաշխիք չկա, և, իհարկե, հարկավոր է ուսումնասիրել՝ ինչ է կատարվում երկրի մի շարք շրջաններում՝ կապված «դելտա» շտամի հետ: Այնուամենայնիվ, միջազգային թռիչքների հետ կապված՝ հաշվի է առնվում իրավիճակն ամբողջ երկրում»,- ասել է Էրսոյը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է այս տարի ընդունել 25 միլիոն զբոսաշրջիկ և ստանալ $20 միլիարդ եկամուտ:
«Հունիսը փակեցինք մեր սպասումներին համապատասխան: Հուլիս ամսվա համար հավակնոտ նպատակներ ունենք, որոնք, ըստ երևույթին, նույնպես իրագործվելու են՝ դատելով օդանավակայաններից ստացված տվյալներից»,- հավելել է նա, տեղեկացնում է Banks.am-ը: