Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ Է ԵՄ–Ն 2,5 ՄԼՐԴ ԵՎՐՈ ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եվրոպական միությունն ուզում է կայունացնել արցախյան պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն, իսկ ՀՀ–ին ուղղված ֆինանսական օգնության նպատակը մեկն է` հայ հասարակությանը շեղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վերանայելու ցանկությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանը:

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ կայացած ասուլիսում վերահաստատեց Հայաստանին 2,6 մլրդ դոլար հատկացնելու պատրաստակամությունը՝ երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները լուծելու համար: Նա նաև է ասել է, որ Երևանն ու Բաքուն կարող են փոխզիջման հասնել չորս հիմնական հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է լուծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար: Արդեն հաջորդ օրը Բաքվում Միշելը հայտարարեց, որ Եվրամիությունը կարող է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին պետական սահմանի սահմանազատման հարցում։

Պողոսյանի կարծիքով՝ Միշելի այցը հազիվ թե ուղղված լիներ սահմանազատման հարցում ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելուն։

«Հայաստանի և Ադրբեջանի մասով հիմնական ուղերձն այն է, որ արցախյան պատերազմից հետո նրանք շահագրգռված են ստեղծված ստատուս քվոյի կայունացմամբ։ Եվ պատրաստ են դրա համար որոշակի քայլեր ձեռնարկել, մասնավորապես ֆինանսական միջոցներ տրամադրել», - նշեց փորձագետը։

Պողոսյանը կարծում է, որ Հայաստանին 2,6 միլիարդի չափով վարկեր ու դրամաշնորհներ հատկացնելը հենց այդ նպատակն է հետապնդում՝ երկրում ապահովել որոշակի տնտեսական աճ, ավելացնել քաղաքացիների բարեկեցությունը։

Իսկ եթե հաշվի առնենք, որ միջին հաշվով 5 տարվա ընթացքում շուրջ 500 մլն դոլար է երկիր մտնելու, ապա դա զգալի գումար է տնտեսական ակտիվություն ապահովելու համար։

Փորձագետի կարծիքով՝ դա արվում է այն նպատակով, որ բնակչության լայն շերտերն ավելի քիչ մտածեն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ձևավորված ստատուս քվոյի փոփոխության մասին, ավելի շատ կենտրոնանան անձնական բարեկեցությունն ավելացնելու ուղղությամբ։

«Դա կբերի նրան, որ այն քաղաքական գործիչները, որոնք կողմ կլինեն նոյեմբերի 10-ից հետո Արցախում ձևավորված ստատուս քվոյին, այսպես ասենք` ավելի քիչ պոպուլյար կլինեն։ Նրանց կոչերն էլ պակաս հասկանալի կլինեն, քանի որ մարդկանց զգալի մասը տնտեսական դրական փոփոխություններ ու որոշակի կայունություն կզգա», - նշեց Պողոսյանը։

Ադրբեջանի դեպքում իրավիճակն այլ է։ ԵՄ-ն ընդամենը 100 մլն դոլար է հատկացնում, բայց դա, բնականաբար, չի նշանակում, որ Հայաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի։ Այստեղ, փորձագետի կարծիքով, երկու կարևոր պահ կա։ Նախ` Ադրբեջանը լիովին գոհ է ներկայիս ստատուս քվոյից, որովհետև դա շատ ավելին է, քան Բաքուն կարող էր անգամ երազել։ Այսինքն՝ կարիք չկա ֆինանսական միջոցներով մեղմելու ադրբեջանցիների «դժգոհությունը»։

Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ այս փուլում Ադրբեջանը գումարի կարիք չունի։ Չնայած 2007-2012 թվականների նավթային բումն անցել է, այդուհանդերձ Բաքուն կարող է իրեն թույլ տալ որոշակի ներդրումներ անել գրաված տարածքներում (նախատեսվում է մոտ 1,3 միլիարդ դոլարի ներդրում անել, այդ թվում՝ 3 օդանավակայանների բացման համար)։

Բացի այդ, այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր միջազգային, այդ թվում՝ եվրոպական ընկերությունների հետ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներդրումների վերաբերյալ։ Ալիևը նույնիսկ հայտարարել է, որ եվրոպական ընկերություններից մեկի հետ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 ՄՎտ արևային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Այսինքն՝ եվրոպական փողերն այնտեղ կգնան, բայց ներդրումների տեսքով։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահներ և միջազգային դիտորդներ տեղակայելու հայտարարություններին, ապա Բաքուն, ամենայն հավանականությամբ, դրանք անտեսում է, որովհետև պաշտոնական արձագանք չի եղել:

«Բաքվին մի բան է հետաքրքրում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում և խորհրդային սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այսինքն՝ Հայաստանի վերջնական հրաժարում Արցախից։ Անկլավների հարցում Բաքուն կարող է «բարի կամք» դրսևորել կամ հարցը բարձրացնել և/կամ ինչ-որ բան ստանալ դրա դիմաց», - ասաց Պողոսյանը։

Զուր չէ, որ Ալիևն այժմ հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարց չկա, քանի որ նման միավոր չկա։ Բաքուն ձգտում է, որ Երևանը հրաժարվի Արցախից, որ Հայաստանում լավագույն դեպքում համակերպվեն այն բանի հետ, որ Արցախից կմնա միայն մի փոքր հատված, ընդ որում՝ Երևանից անկախ, և այն լավագույն դեպքում Ռուսաստանի պրոտեկտորատի տակ լինի։

Ընդ որում` հայկական իսթեբլիշմենթը, փորձագետի կարծիքով, հակված է համաձայնություն տալ խաղաղության պայմանագրին։

«Իշխանությունն ասում է, որ Հայաստանի ու Արցախի համար խաղաղ ապագա ապահովելու մանդատ է ստացել։ Մի քիչ զարմանալի է, քանի որ Արցախի բնակիչներն այս ընտրություններին չեն մասնակցել (ընդ որում՝ 2018 թվականի մայիսի 9-ին Փաշինյանն ասել է, որ չի կարող արցախցիների անունից բանակցություններ վարել)։ Հասկանալի է, որ մեր իշխանությունը հակված է պայմանագրի ստորագրմանը», - նշեց փորձագետը։

Ու թեև նրանք, ի դեմս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի (որը հազիվ թե նոր կառավարությունում լինի), ասում են, որ մինչև կարգավիճակի հստակեցում չլինի, նման բան չեն անի, միևնույնն է` դա շատ մշուշոտ է հնչում։ Անհասկանալի է, թե որ սահմաններով կարգավիճակի մասին է խոսքը՝ 1991 թվականի դեկտեմբերի 2–ի, 2020 թվականի սեպտեմբերի 26-ի, թե՞ նոյեմբերի 10-ի։

Հայաստանի իշխանությունը, սակայն, կարող է ստորագրել փաստաթուղթը՝ ներքին լսարանին հայտարարելով, որ դա Արցախի հետ դա կապ չունի։ Բայց եթե մշուշոտ հայտարարություններից բացի ոչինչ չարվի, բոլորին պարզ կդառնա, որ Հայաստանը «լվացել է ձեռքերը» Արցախից և միայն մեկ պարտավորություն ունի` փոխանցել աշխատավարձերն ու թոշակները։ Եվ այն էլ մինչև այն պահը, քանի դեռ 90-100 հազար հայ ապրում է 3 հազար քառ. կմ վրա։

Sputnik Armenia