TALK TIME. Պայմանագրի ստորագրման դեպքում Հայաստանը կբաժանվի երկու գոտու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղության կարելի է հասնել միայն պատերազմի պատրաստվելով: Հայաստանի ներկայիս իշխանությունը չի պատրաստվում խաղաղության հասնել: Այս մասին TALK TIME-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

 

 

Նրա կարծիքով՝ ներկայիս իշխանությունն իր ապիկար քաղաքականությամբ կարող է նոր պատերազմ հրահրել:

«Եթե դու թույլ ես , ապա թշնամին կարող է դրանից օգտվել: Եթե դու մեջքով ես կանգնած գիշատիչին և սկսում ես նրանից փախչել, ապա գիշատչի մոտ կարող է բնազդ արթնանալ, որի պատճառով նա սկսում է քեզ ընկալել որպես որս՝ սկսելով հետապնդել: Եթե դու մարդ ես, իսկ գիշատիչը՝ չորքոտանի, ապա միանշանակ նա քեզ կբռնի»,-նշեց Էլբակյանը՝ հավելելով, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է:

Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ կա երկու սցենար: Նրա գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունը կամ կստորագրի չարաբաստիկ պայմանագիրն Ադրբեջանի հետ, որն Էլբակյանը համարում է նոր պատերազմ, կամ չի ստորագրի:

«Դրա ստորագրման դեպքում Հայաստանը կբաժանվի տնտեսական ազդեցության երկու գոտու՝ Ռուսաստան և Թուրքիա, ինչպես դա եղավ Իրանի հետ 100 տարի առաջ, երբ այն բաժանվեց ազդեցության ռուսական և բրիտանական գոտիների: Եվ քանի որ Ռուսաստանում ևս խնդիրները շատ են, նա զիջում է Թուրքիային»,-պարզաբանեց քաղաքագետը:

«Ամեն դեպքում, քանի դեռ չենք վերակազմավորել մեր բանակը, լավ բանի սպասել պետք չէ»,-եզրափակեց փորձագետը, տեղեկացնում է News.am: