Կութի մուտքը փակ է, քանի որ հակառակորդի կողմից դեռ մայիսից կա որոշակի առաջխաղացում. Գեղարքունիքի մարզպետ

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Դա տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորումը, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է», - ասաց Սանոսյանը։

Մարզպետի խոսքով՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։

Նա ասաց, թե ռուսական կողմի հետ բանակցություններից մանրամասներ չի կարող հայտնել, բայց կարող է ասել, որ որոշակի պրոցես եղել է ու կա։

«Թե հիմա ինչ փուլում են, չեմ կարող ասել», - նշեց Սանոսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է փակ Կութ գյուղի մուտքը, Գեղարքունիքի մարզպետն ասաց, թե դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով։

«Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, որոշում է կայացվել, որ այդպես վարվենք», - ասաց նա։

Գնել Սանոսյանի խոսքով՝ Սոթքի հանքի աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել ու հանքն այս պահին չի աշխատում։

Նա ասաց, թե բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել ու բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։