Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր նախաքննական մարմնի միջնորդությունը Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը պաշտպանները բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: 2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը և գործը նոր քննության ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

ՊԵԿ–ը հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկան չէին դարձել, և անդրադարձ չէր կատարվել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

«2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումը կայացնելիս կրկին հիմք էին ընդունվել ընթացակարգային նորմերի կարգավորումները, և որոշման մեջ անդրադարձ չէր կատարվել մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ, և հունիսի 10-ին որոշել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին:

«Հիշյալ դատական ակտը Մինասյանի պաշտպանները կրկին բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարանում, որը, քննելով ներկայացված բողոքը և բողոքի դեմ՝ նախաքննական մարմնի ու քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի առարկությունները, հուլիսի 29-ին որոշում է կայացրել պաշտպանների կողմից բերված բողոքը մերժելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին»,– եզրափակում է ՊԵԿ–ը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: