ԱՆՊԱՐԿԵՇՏՈՐԵՆ ԾՆՎՈՒՄ Է ԱՆՊԱՐԿԵՇՏ ՎԻՇԱՊԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ԿՈԿՈՐԴԻՆ
Խոստովանենք, արդեն կորցրել ենք հաշիվը, թե որերորդ անգամ է իշխանությունը փորձում դրակոնային օրենսդրական նախաձեռնություններ հրել առաջ ու զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին։ Նոր խորհրդարանի նիստի նախաշեմին նախորդը՝ ի դեմս իշխանության խմբակցության, նախաձեռնեց արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը վիրավորանքի քրեականացումն էր։
Կկատարի՞ այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանն իր անմիջական պարտականությունները, կմտածի՞ արդյոք խոսքի ազատությանը սպառնացող օրենք ստորագրելուց առաջ և կուղարկի՞ դա Սահմանադրական դատարան: Դժվար է ասել, բայց թերահավատությունն այնուամենայնիվ գերակշռում է։ Միանգամից նշենք. մենք ամենևին չենք մարտնչում վիրավորանքների և մամուլը որպես ցանկապատ օգտագործելու հնարավորության համար։ Խնդիրն այլ է։ Խնդիրն այն արարքի քրեականացումն է, որն ապաքրեականացվել է գրեթե 12 տարի առաջ։ Ընդ որում՝ հենց այն ակտիվիստների, հասարակական գործիչների, լրագրողների նախաձեռնությամբ, որոնք այսօր, դառնալով իշխանության ներկայացուցիչներ, արդեն մաքառում են վիրավորանքի քրեականացման համար։ Եվ ոչ միայն մաքառում, այլև առաջադրում են բազմաթիվ ու բազմապիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պաշտպանում են իշխանությանը քննադատությունից և բարձրացնում տուգանքների չափն այն աստիճան, որ զարմանքից չռվում են նույնիսկ եվրոպացի փորձագետների աչքերը։
Խնդիրը նաև այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը գրված է այնպես, որ քրեական հոդվածի տակ հնարավոր լինի գցել դուր չեկած ցանկացած բառի գործածումը։ Այդ մասին՝ քիչ ավելի ուշ։
Իսկ մինչ այդ նշենք, որ իրենց նախաձեռնության հիմնավորման համար հեղինակները մատնանշում են խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ-ի հուլիսի 17-ի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումը։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «ՍԴ-ն անհրաժեշտություն է տեսնում», որպեսզի «քաղաքական մեծամասնությունը գործուն միջոցներ ձեռնարկի հայաստանյան քաղաքական խոսքում ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով»:
Թերևս, դժվար է հիշել, որ վերջին երեք տարիներին իշխանությունը նման եռանդ ցուցաբերած լինի, որ քաղաքացիների որևէ խնդիր տեսնելուն պես անմիջապես նետված լինի դա լուծելու. լինի դա օրենսդրության մակարդակով, թե գործադիր իշխանության։ Բայց ակնհայտ է, որ տվյալ դեպքում հարցը վերաբերում է հենց իշխանության ներկայացուցիչներին, որոնք բոլորովին չեն սիրում, երբ իրենց քննադատում են։ Նկատեք, հենց քննադատում են (խոսքը վիրավորանքի մասին չէ, ինչն իրոք անընդունելի է)։
Ահա և հապշտապ ծնեցին օրինագիծը, որը կարելի է տարածել ինչի վրա ասես։ Քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի «Ծանր վիրավորանք» անվանումով նախագիծը ենթադրում է, որ մարդուն ծանր վիրավորանք հասցնելու տակ պետք է հասկանալ հայհոյանքը կամ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը։ Եվ վե՛րջ։ Թեև նախագծի հեղինակներից մեկը ՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, փաստաթղթի ներկայացման ընթացքում փորձում էր այնպես մատուցել, թե իբր խոսքը անպարկեշտ հայհոյանքների մասին է։ Բայց նախագծում այդ մասին ոչ մի բառ չկա, այնտեղ խոսվում է միայն հայհոյանքի ու ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու մասին։ Դա, ի դեպ, նկատեց նաև իշխանության խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը, հավաստելով, որ օրենքը մեռելածին է։ Քանի որ, նրա խոսքերով, Քր.օր.-ում ներկա պահին չկա «հայհոյանք, վիրավորանք» բառերի բնորոշումը, իսկ այս նախագծում դրա հեղինակները շփոթել են պարկեշտ վիրավորանքն ու անպարկեշտ հայհոյանքը։ Ասենք, չիմացության բերումով կամ դիտավորյալ շփոթություն առաջացավ ոչ միայն պատգամավորների, այլև նույնիսկ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մոտ, որոնք չեն տարբերակում վիրավորանքն ու անպարկեշտ հայհոյանքը։
Ավելին, անհասկանալի է, թե ով է որոշելու՝ ասվածը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանք է, թե ոչ։ «Մենք չունենք փորձաքննության նման տեսակ և, համապատասխանաբար, նման մեթոդաբանություն»,- հայտարարեց Բաղդասարյանը: Այնպես որ, հաշվի առնելով իրավական անորոշությունը՝ անհասկանալի է, թե ինչով են առաջնորդվելու իրավապահներն ու դատավորները։ Իսկ գուցեև, հակառակը, ամեն ինչ շատ պարզ է. Իրավապահներն առաջնորդվելու են սեփական բարեկրթության մակարդակով, անձնական հակումներով և... վերևից տրված ցուցումներով։
Հողատու, դավաճան, կապիտուլյանտ, ապաշնորհ, ապուշ, թալանչի, մարդասպան, ռևանշիստ… Թվարկումը կարելի է շարունակել: Կքրեականացվե՞ն արդյոք նշյալ բառերն այդ հոդվածով, հետաքրքրվեց Սոֆյա Հովսեփյանը՝ խորհուրդ տալով չզայրացնել հասարակությանը և հրաժարվել այդ մեռելածին օրենքից։ Ի վերջո, եթե մարդիկ ցանկանան, նրանք այնպես շուռ կտան, որ չեք կարողանա որևէ հոդվածի տակ գցել նրանց, վստահ է նա: Թեպետ, հաշվի առնելով իշխանության բռնապետական պահվածքը, դժվար թե արժե այդքան վստահ լինել դրանում։ Հոդվածը կարող է և իրականություն չդառնալ, նայած թե ինչ դատավոր բաժին կընկնի, «վնգստացող», թե ոչ (ի դեպ, հետաքրքիր է, դա կդիտվի՞ որպես վիրավորանք), բայց լուրջ տհաճություններ պատճառել իսկապես կարող է: Չէ ՞ որ ակնհայտ է, որ հաճախ ԶԼՄ-ների օբյեկտիվ քննադատությունը պաշտոնատար անձինք և քաղաքական տարբեր գործիչներն ընկալում են որպես վիրավորանք ու զրպարտություն և փորձում վրեժ լուծել դատարանների միջոցով: Եվ հիմա օրենքի այդ լրացումով առաջարկվող քրեական պատասխանատվությունը (տուգանքներից ընդհուպ մինչև ազատազրկում) կարող է գործիք դառնալ պաշտոնյաների ձեռքին՝ սուր քննադատությունից խուսափելու ձգտման մեջ, որպեսզի նվազագույնս հաշվետու լինեն հասարակայնությանը։
Ցուցանշական է, որ հեղինակ Վլադիմիր Վարդանյանն ինքն էլ խոստովանեց, որ օրինագիծը կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս: Որպես երկաթբետոնե փաստարկ նա բերեց հասարակությանը դաստիարակելու ցանկությունը՝ կոչ անելով բոլորին պատասխանել հետևյալ հարցին. ցանկանո՞ւմ ենք արդյոք մենք վերջ դնել վիրավորանքների ողջ այս մոլեխրախճանքին, թե՞ մշտապես ունենալ քրեածին երևույթներ և վերածվել Լինչի դատաստանի մակարդակի վրա գտնվող երկրի։
Ցանկալի է, որ Վարդանյանն ինքը պատասխանի իր իսկ հարցին, բայց նախ ձեռքը սրտին դրած ասի. ե՞րբ և ո՞ւմից է սկսվել անպարկեշտ հայհոյանքների և անարգանքի խոսքի, ոչ նորմատիվ բառապաշարի (կոպտագույն գռեհիկ արտահայտությունների, քաղաքակիրթ պարկեշտ հասարակությունում չընդունված խոսքերի) այս մոլեգնությունը և ո՞վ է խրախուսել ու խրախուսում բռիության ու գռեհկության բաքոսատոնը։ Ինչպես նաև պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմախոսների հասցեին Փաշինյանի հնչեցրած տարատեսակ գռեհիկություններն ու վիրավորանքները իրենք անվանում քաղաքական հայտարարություններ, իսկ պատասխանից նեղանում այն աստիճան, որ հորինում են այդպիսի «համապիտանի» հոդված, որը կարելի է տարածել ամենի ու ամենքի նկատմամբ։