Հայաստանի փոքրիկ երգիչները հաղթել են «Խաղաղություն աշխարհին 2021» մրցույթում

Վիեննայի հեղինակավոր «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) գլխավոր մրցանակին է արժանացել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ փուլում 14 երգչախմբերի մեջ ճանաչվել է լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ «Գրան պրին» շնորհվել է Հայաստանին:

«Շնորհավորում ենք մեր սիրելի դիրիժորներին մրցույթի բազում տաղանդավոր և աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսների արժանանալու համար։ Սոնա Հովհաննիսյանը 1-ին փուլում արժանացել է «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor), Անահիտ Պապայանը 2-րդ փուլում` «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor), իսկ Տիգրան Հեքեքյանը` «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor) տիտղոսի»,–նշված է գրառման մեջ։

Ի դեպ, «Հովեր» պետական կամերային ու «Արար» երգչախմբերն էլ առաջին փուլում յուրաքանչյուրն իր կարգում է ոսկե մեդալ շահել: Բացի այդ, ոսկե մեդալի է արժանացել «Գեղարդ» երգեցիկ խումբը։

Sputnik Արմենիա