ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ ՇՈՒՇԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵ՞ԼՆ Է

Այս տարվա հունվարի 28-ին՝ հայոց բանակի օրը, Եռաբլուր այցելած իշխանական վերնախավին եւ վարչապետին պաշտպանող անվտանգության մի քանի շարքերը ճեղքելով` լրագրողներից մեկը հարց հնչեցրեց՝ շարունակո՞ւմ է նա կարծել, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը պնդեց, թե լրագրողն իբր աղավաղում է իր ասածը, թող իր խոսքերը գրավոր բերի, ինքն ուղիղ եթերում կպատասխանի այդ հարցին։

Հաջորդ օրը լրագրողը, Փաշինյանի բառացի մեջբերումը մեծադիր պաստառի վրա, ուղիղ եթերում կառավարության առջեւ սպասում էր, որ վարչապետը կատարի իր խոստումն ու ներկայանա։ Իսկ մեջբերումն ուղղակիորեն հետևյալն էր՝ «Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Կեղծ հռետորական այս հարցը նա հնչեցրել էր դրանից շաբաթներ առաջ խորհրդարանական բարձր ամբիոնից՝ իբր հիմնավորելով Շուշիի՝ թշնամուն փոխանցելու անհրաժեշտությունը, այն դեպքում, երբ նույնիսկ սեփական ԱԳՆ-ն հակադարձեց, թե Շուշիի հանձնում Ադրբեջանին երբեւէ որեւէ փաստաթղթով նախատեսված չի եղել։

Վարչապետն այդպես չներկայացավ եւ չպատասխանեց իրեն տրված հարցին, թեեւ խոստացել էր։ Ավելին, նրա աջակիցներից մեկը պատռեց լրագրողի պաստառը՝ հավանաբար տեղյակ չլինելով, որ դրա վրա իր կուռքի հերթական հայադավ բառակույտն է ամփոփված։

Արցախի բերդաքաղաքը կասկածելի հանգամանքներում թշնամուն զիջելուց հետո, փաստորեն, երբ հանրությունը դեռեւս հետտրավմատիկ շոկի մեջ էր, ամենաբարձր մակարդակով ամեն ինչ արվեց՝ նաեւ խոսքային, մտածողական մակարդակում Շուշիից հրաժարվելու համար։ Չէ՞ որ Փաշինյանի աջակիցները, կապկելով նրա խոսքերը, հաջակցություն իրեն հրավիրած հանրահավաքում երկրորդում էին այդ պնդումները, նշում, թե Շուշին իբր երբեք հայապատկան չի եղել։

Պատկերացնո՞ւմ եք՝ առաջին արցախյան պատերազմում մեր հաղթանակից հետո Ադրբեջանը գեթ մեկ վայրկյան համակերպվեր Շուշիի, Քարվաճառի, Ակնայի անվերադարձ հայկականության հետ, պաշտոնական խոսքում սկսեր վերարտադրել հայկական թեզերը, արդարացներ, ասենք, ազատագրված շրջանների՝ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվելը, հիմնավորեր դա հայ բնակչության ֆիզիկական անվտանգությամբ։

Նույնաբնույթ անպատկերացնելի բան էր մեզ թվում այն, որ պատերազմի որեւէ ելքի դեպքում Հայաստանի որեւէ ղեկավար կարող է նման թեթեւությամբ հրաժարվել Արցախի կարեւորագույն բերդաքաղաքի, հայության հաղթանակի խորհրդանիշի նկատմամբ որեւէ հավակնությունից, հեշտորեն այն հանձնել թշնամուն եւ ինքն էլ փակել քաղաքի հանձնման թեման։

Ստացվում է՝ երկրի ղեկավարը Շուշին անվանել է ոչ հայկական, կասկածի տակ է դրել Շուշիի հայկականության փաստը, որից հետո իր այդ խոսքերի համար ոչ միայն ներողություն չի խնդրել, այլեւ չի հերքել իր ասածը։ Այսինքն՝ Փաշինյանը գիտակցաբար է արել այդ պնդումը եւ շարունակում է կարծել, որ Շուշին հայկական քաղաք չէ։

Այդ դեպքում ինչո՞ւ էր նա իր իսկ կողմից ոչ հայկական հռչակված քաղաքում կուսակից ընկերների հետ քոչարի պարում, ինչո՞ւ էր ներկա գտնվում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանի խորհրդականներից մեկը, իբր ընդդիմախոսներին ծաղրելով, իրականում՝ մարգարեաբար, նշում, թե օտարերկրացի դիվանագետներին հողերը հանձնելուց առաջ մի վերջին անգամ բերել են Շուշի։

Դժգույն ու դժբախտ այդ քաղաքը, պարզվեց, Ադրբեջանի համար իսկական մարգարիտ է, թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը, որին փափագում էին տիրանալ։ Իսկ մենք, ինչպես պարզվեց, առանձնապես չդիմադրեցինք թշնամու այդ փափագի իրականացմանը, քանի որ քաղաքը ֆիզիկապես մեզնից խլելուց հետո հեշտությամբ համակերպվում ենք նաեւ մեր մտքից Շուշիի անվերադարձ օտարմանը։