Կորոնավիրուսի «Դելտա» շտամը հասավ Հայաստան, հայտնաբերվել է 25 դեպք

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կորոնավիրուսի հնդկական շտամը, որը հայտնի է «Դելտա» անվանումով, կարող է դրսևորվել աղեստամոքսային տրակտի խանգարման տեսքով: Բավական հաճախ այդ ախտանիշին ավելանում է նաև որովայնի ցավը, փսխումը:

Բժիշկների խոսքերով, ախտանիշերը, որոնք դրսևորվել են նախկինում կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ, արդիական են նաև «Դելտա» շտամով վարակվածների մոտ:

«Բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, առաջին հերթին բարձրանում է ջերմությունը», – նշում են բժիշկները:

Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով։

Նովոստի–Արմենիա