«Փաստ»․ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ «ՉԵԶՈՔ» ՊԱՇՏՈՆ ԿՈՒՆԵՆԱ

Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն հայտնի է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: «Փաստ» օրաթերթը գրում է, որ նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում:

Լրատվամիջոցը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈւՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն:

Ինչպես նշված է կազմակերպության կայքում, այս հիմնադրամը «հանդիսանում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ՀՀ հեռավոր գյուղական վայրերում գործող և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության խթանմանը, և որի նպատակն է ՀՀ գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, եկամուտների ավելացումը, գործազրկության և արտագաղթի կրճատումը»:

«Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Ավինյանի քաղաքական կարիերան չի ավարտվում. առժամանակ նա կզբաղեցնի նշյալ «չեզոք» պաշտոնը, ապա Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի իշխող կուսակցության ցուցակը, այսինքն, կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն»,– եզրափակում է օրաթերթը:

Sputnik Armenia