Քննող դատավորի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքը քննող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, News.am-ի հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Ես ներկա չեմ եղել նիստին, որոշմանը ծանոթ չեմ։ Արժանի չեմ համարում ձևական նիստերի մասնակցելը, բնականաբար, պարզ է՝ ինչ որոշում պետք է կայացվեր։ Ինձ համար պարզ է նաև, թե բողոքի արդյունքում ինչ որոշում են կայացնելու՝ մերժելու են»,- նշեց նա։

Ալեքսանյանը հավելեց, որ Վերաքննիչ դատարանում կայանալիք բողոքի քննությանը, որ կսկսվի ժամը 14։00-ին, ինքը նույնպես ներկա չի գտնվի։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: