ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ

Անոտացիա

Աշխարհում ձևավորվող աշխարհաքաղաքական իրադրությունը խիստ հրատապ է դարձնում ոչ թե միջազգային իրավունքի կոնկրետ սուբյեկտին այս կամ այն տարածքի՝ որպես ազգային պետության, պատկանելության հայտարարման բուն ձևաչափի խնդիրը, այլ, ըստ իս, հոծ բնակվող ազգային կազմավորումների անվտանգ և խաղաղ բարգավաճման պայմանների ստեղծումը՝ ազգային ինքնության լիակատար պահպանմամբ։ Նման անվտանգ ապագա Արցախի Հանրապետության համար ես տեսնում եմ միայն Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո։

Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ Երեվանի քառասուն աստիճան շոգի պայմաններում հոդված գրելը, ընդ որում՝ հայերի համար բավական զգայուն թեմայի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն – խմբ.) մասին, դյուրին գործ չէ։ Իմ այս ներքին պոռթկման բացատրությունը կարող է եռակի լինել, դիցուք. կամ այս թեման գերհրատապ է, կամ հեղինակը արևահարվել է, կամ առկա են առաջին երկու հանգամանքները։ Շտապեմ հավաստիացնել ընթերցողներին, որ սույն պարագայում առկա է միայն առաջին հանգամանքը։ Թեման, որի մասին ստորև ներկայացնելու եմ իմ տեսլականը, կենսականորեն ակտուալ է ոչ միայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև տասնմեկ միլիոնանոց հայ աշխարհի համար։

Թեման լուսաբանել ինձ մղեց «Կոլերով. Մերձդնեստրը պատմական Ռուսաստանի անքակտելի մասն է» վերնագրով հոդվածը՝ հրապարակված նույն տեղում 2021թ. հուլիսի 29-ին։ Դրանում հեղինակը, խստորեն հետևելով ռուս գրականության դասական Անտոն Պավլովիչ Չեխովի խորհրդին, որը թևավոր արտահայտություն է դարձել՝ «հակիրճությունը տաղանդի քույրն է», մեջբերում է չգիտես ինչու Ռուսաստանի ոչ բարեկամների կողմից մոռացված, մեր օրերում բավական ակտուալ պատմական փաստեր, դիցուք. «2006թ. սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում տեղի ունեցավ հանրաքվե, որի հարցերը համաձայնեցված էին այստեղ (պետք է ենթադրել՝ Ռուսաստանում, Մոսկվայում – Ա.Գ.)։ Բոլորը չէ, որ գոհ էին համաձայնության այդ ակտից, բայց դրանք համաձայնեցված էին, և գլխավոր հարցին հանրաքվեին մասնակցածների 97,1%-ը քվեարկեց հօգուտ Մոլդովայից Մերձդնեստրի անկախացման և Ռուսաստանին հետագա վերամիավորման։ Ժողովրդի այդ կամքը ցայսօր նշանակալի է, ցայսօր լեգիտիմ է»։

Կարդալով այս տողերը՝ ակամա հիշեցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հանրաքվեն Ադրբեջանից Արցախի անկախության հարցով, որը տեղի ունեցավ 1991թ. դեկտեմբերի 10-ին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ հանրաքվեն տեղի էր ունենում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (այսուհետ՝ ԼՂԻՄ) և հարակից Շահումյանի շրջանի տարածքում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 99,8 տոկոսը։ Նշենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը, որը, 1989թ. պաշտոնական տվյալներով, կազմում էր ԼՂԻՄ նախկին բնակչության 21%-ը, բոյկոտել է հանրաքվեն։

Ներկայացնեմ նաև մեկ այլ մեջբերում Մոդեստ Կոլերովի վերոնշյալ հոդվածից. «Գոյություն ունեցող պետությունը՝ որպես Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, պատմական Ռուսաստանի անքակտելի մասն է»։

Համոզված եմ, որ այս եզրահանգման հեղինակը ի հաստատումն իր խոսքերի կարող էր ներկայացնել տասնյակ պատմական փաստեր, բայց, կարծում եմ, նա չի արել դա, քանի որ իրեն հարգող ոչ մի պատմաբան կասկածի տակ չէր առնի այդ պատմական իրողությունը։ Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմական պատկանելության պարագայում բանն էապես այլ է, և բնավ ոչ այն պատճառով, որ այդ հարցում կան վիճելի պահեր։ Ոչ, բնավ ոչ։ Լեռնային Ղարաբաղի պատմական պատկանելության պարագայում այդ թեմայի լուսաբանման հարցում մենք գործ ունենք ոչ թե տարբեր գիտական մոտեցումների, այլ այդ թեմայի բանալ քաղաքականացման հետ, երբ Մեծ Թուրանի գաղափարախոսների կողմից վարձված տարբեր տրամաչափի «գիտնականների» մի ամբողջ բազմություն հայկական Ղարաբաղյան մելիքությունների տարածքների ժամանակավոր զավթումը (փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրային կարծիքը), կրկնում եմ, օսմանների ու նրանց վասալների կողմից բուն հայկական հողերի զավթման փաստը մատուցում են որպես զավթիչներին այդ տարածքների «պատմական պատկանելություն»։

Նման իրավիճակն այս հարցում տողերիս հեղինակին ստիպում է հնարավորինս կարճ պատմական էքսկուրս կատարել։ Նշեմ, որպեսզի հաստատ պարզենք Լեռնային Ղարաբաղի պատմական պատկանելությունը, հարցի ուսումնասիրությունը պետք է սկսենք մինչև անգամ մ.թ.ա. 6-րդ դարից, երբ հայկական Երվանդունիների արքայատոհմն իր իշխանությունը հաստատեց Հայկական բարձրավանդակում Ուրարտու պետության անկումից հետո։ Հույն և հռոմեացի պատմիչներն իրենց աշխատություններում Արցախը հիշատակում են որպես Հայաստանի կարևորագույն ռազմավարական շրջան, որը Երվանդունիների արքայական բանակին տալիս էր այն ժամանակվա լավագույն այրուձին։ Սույն հոդվածում մանրամասն չեմ ներկայացնի Արցախի պատմությունն այն պարզ պատճառով, որ թեմային նվիրված են տարբեր երկրների ու դարերի նշանավոր գիտնականների հիմնարար հետազոտություններ, և դա առանձին վերլուծության թեմա է։ Միևնույն ժամանակ, որպեսզի ընթերցողները հասկանան հարցի էությունը, ներկայացնեմ միայն այդ երկրամասի հարուստ պատմության մի քանի նշանակալի փուլեր։

Այսպես, մ.թ.ա. 1-ին դարում Հայոց արքա Տիգրան Երկրորդը (կառավարել է մ.թ.ա. 95-55թթ.) Արցախում կառուցեց չորս քաղաքներ, որոնցից մեկը նրա պատվին անվանակոչել են Տիգրանակերտ։ Մ.թ.ա. 387թ. միասնական Հայկական թագավորությունը բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Արցախը և Ուտիքը (Մեծ Հայքի 12-րդ նահանգը) անցան Պարսկաստանի վասալ Կովկասյան Աղվանք պոլիէթնիկ պետությանը՝ միաժամանակ գտնվելով հայկական իշխանական տների կառավարման ներքո։ Պատմությունը վկայում է այն մասին, որ Արցախի կառավարիչները Կովկասյան Աղվանքի կազմում այնքան ինքնուրույն էին, որ հնարավորություն էին ստացել դեպի արևելք ընդլայնելու իրենց տիրույթները և կազմավորելու հայկական պետություն՝ Աղվանքի թագավորություն, որը վերահսկում էր ընդարձակ տարածք՝ ներառելով Մեծ Կովկասի նախալեռները և Կասպից ծովի ափամերձ հատվածը։ Այժմ լուսաբանենք այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում 301թ. Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։ Եվ այսպես, մ.թ. VI դարակեսին կազմավորվեց Աղվանքի կաթողիկոսությունը, որը 705թ. մտավ Հայ եկեղեցու միաբանության մեջ։ Նշենք, որ Աղվանքի կաթողիկոսությունը՝ Քռի աջ ափին գտնվող կենտրոնով, պաշտոնապես գոյություն է ունեցել մինչև 1815թ. դեկտեմբեր, երբ հայոց կաթողիկոս Եփրեմ Ձորագեղցին ռուսական իշխանությունների համաձայնությամբ այն վերածեց Հայ Առաքելական եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) Էջմիածնի Մայր աթոռի Ալանա-Գանձասարի միտրոպոլության։ Պատմաբանները հակված են սույնին Ռուսաստանի համաձայնությունը բացատրել ՀԱԵ քաղաքական կշռի բարձրացման ձգտմամբ՝ հանուն Հարավկովկասյան տարածաշրջանում գերիշխանության Ռուսական կայսրության և Պարսկաստանի հակամարտության ֆոնին։

Ընթերցողներին հիշեցնենք, որ IX դարակեսին Արցախի ավատատերերը ճանաչեցին Բագրատունիների արքայատոհմի իշխանությունը, որը 885թ. վերականգնեց հայկական անկախ պետությունը։ Վերականգնված Հայոց թագավորության կազմի մեջ մտավ նաև Խաչենի իշխանությունը, որը գոյություն ունեցավ մինչև XVI դարավերջ՝ դառնալով հայկական ազգային-պետական կարգի վերջին մնացորդներից մեկը XVI դարասկզբին անկախության կորստից հետո։ Խաչենը մտավ Սեֆյանների պետության կազմի մեջ (իրանական շահական արքայատոհմ, որը կառավարել է XVI դարից)... XV դարից մինչև XIX դար իշխանությունն Արցախում պատկանել է հայկական հինգ միավորված կազմավորումների՝ մելիքություններին. Խաչենի, Գյուլիստանի, Ջրաբերդի, Վարանդայի և Դիզակի։ Ընդ որում՝ կարևոր եմ համարում նշել, որ այդ մելիքություններն ունեին սեփական զինված ուժեր, իսկ հայ մելիքներն ընկալվում էին որպես ողջ հայ ժողովրդի քաղաքական կամքի ներկայացուցիչներ։ Այս իրողությունը չէր կարող չմտահոգել պարսիկներին, որոնք հայկական մելիքությունների ինքնուրույնությունը թուլացնելու նպատակով սկսեցին այդ (Խամսայի) մելիքությունների տարածքները բնակեցնել թյուրք մուսուլմաններով։ Այդ քաղաքականությունն ուղեկցվում էր հայ բնակչության բռնի տեղահանմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքից, ինչը վերջնարդյունքում հանգեցրեց թյուրք բնակչության գերակշռությանը։ Խամսայի մելիքությունների հայ բնակչությունը չհաշտվեց նման իրավիճակին, և XVIII դարի 20-ական թթ. Հինգ մելիքությունները՝ Գանձասարի հոգևոր հովվապետերի առաջնորդությամբ (ՀԱԵ Մայր աթոռի օրհնությամբ) հզոր ազգային-ազատագրական շարժում սկսեցին պարսկական և թուրքական տիրակալության դեմ։

Այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի՝ թուրքական տիրակալության, որը հաստատվել էր Անդրկովկաս Թուրքիայի ներխուժումից հետո։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 1724թ. հունիսին ստորագրվեց Կոստանդնուպոլսի պայմանագիրը Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև Կովկասում և Մերձկասպիայում ռուսական ու թուրքական տիրույթների մասին։ Կոստանդնուպոլսի պայմանագրով Օսմանյան Թուրքիան պահպանում էր իր զավթած՝ Վրաստանի և Հայաստանի արևելյան մարզերը, Թավրիզի, Ղազվինի և Շեմախի խանությունները։ Թուրքական օկուպացիայի շրջանը (1723-1733) Հինգ մելիքությունների պատմության մեջ հիշվում է որպես դաժան թալանի և, միևնույն ժամանակ, ղարաբաղցիների, որոնք պահպանեցին իրենց փաստացի ինքնուրույնությունը, հիրավի հերոսական պայքարի տարիներ։ Որպես տեղեկատվություն նշեմ, որ 1734-1735թթ. պարսից Նադիր շահը թուրքերից խլեց Արևելյան Անդրկովկասը, և Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության միջև ստորագրված հաշտության պայմանագրով Հայաստանն ու Վրաստանն անցան Պարսկաստանին։ Ընդ որում՝ հատկապես նշենք, որ հայկական մելիքությունները (Խամսայի մելիքություններ) պահպանեցին փաստացի ինքնուրույնությունը, սակայն XVIII դարակեսին պատերազմն օսմանյան զավթիչների դեմ քայքայեց Արցախը, իսկ ներքին տարաձայնությունները թուլացրին հայ մելիքների իշխանությունը։ Դրա հետևանքը դարձավ այն, որ թյուրք քոչվորներին հաջողվեց առաջ շարժվել դեպի Արցախի լեռնային հատված, զավթել Շուշի ամրոցը և 1747թ. հռչակել Ղարաբաղի խանությունը։ Թյուրքերին առաջին անգամ իրենց պատմության մեջ հաջողվեց վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, որի հիմնական բնակչությունը քրիստոնեադավան հայերն էին։ Կրկնում եմ, առաջին անգամ իր բազմադարյա պատմության մեջ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը հայտնվեց թյուրք խանի իշխանության տակ։ Խանական ռեժիմի դաժանությունը հանգեցրեց հայերի զանգվածային փախուստի և տարածքի ազգային դիմագծի կորստի, հատկապես թյուրքական ցեղերի՝ Լեռնային Ղարաբաղ ուժեղացված միգրացիայի պայմաններում։ Հենց Իբրահիմ Խալիլ-խանի կառավարման տարիներին եղավ հայերի զանգվածային ելքը, փախուստը Լեռնային Ղարաբաղից։ Ընդ որում՝ 1783-1784թթ. Իբրահիմ խանը գաղտնի բանակցություններ էր վարում, որ Ղարաբաղի խանությունը ռուսական հպատակություն ընդունի։ 1797-1799թթ. Իրանի կողմից Ղարաբաղի խանության սպառնալիքի ներքո Իբրահիմ խանը նորից դիմեց Ռուսաստանին՝ հովանավորություն խնդրելով։ 1805թ. ստորագրվեց Կյուրեկչայի պայմանագիրը Ղարաբաղի խանությունը Ռուսական կայսրության իշխանությանը հանձնելու մասին։ 1805թ. մայիսին Իբրահիմ խանը երդվեց կայսր Ալեքսանդր 1-ինին։ Բավական հատկանշական է, որ ընդամենը մեկ տարի հետո այդ թյուրք խանը որոշեց գաղտնի անցնել պարսիկների կողմը և 1806թ. մայիսի 27-ի գիշերը սպանվեց 17-րդ Եգերական գնդի զինվորականների կողմից (REGNUM, տեղեկատվական գործակալություն, 31 հուլիսի 2011թ., «Վասիլի Կաշիրին. Ինչպե՞ս և ինչո՞ւ սպանվեց Ղարաբաղի խանության կառավարիչ Իբրահիմ Խալիլ-խան Ջևանշիրը»)։

Հետագայում, 1813թ., 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, Ղարաբաղի Գյուլիստան ամրոցում ստորագրվեց ռուս-իրանական հաշտության պայմանագիր, որով ճանաչվեց Ղարաբաղի խանության անցումը Ռուսաստանի իշխանությանը։ Ղարաբաղի խանությունը լուծարվեց 1868թ., իսկ Ղարաբաղը մտավ Ելիզավետպոլի գավառի մեջ։ Միևնույն ժամամակ, չնայած Ղարաբաղի խանության՝ պատմական չափանիշներով կարճ գոյությանը, թյուրք եկվորների մի մասը չվերադարձավ իր կեցության (քոչի) տարածքներ՝ Մուղանի տափաստաններ, այլ մնաց ապրելու Արցախում։

Մանրամասներ չեմ ներկայացնի XX դարասկզբի արյունոտ իրադարձություններից, երբ Անդրկովկասում 1905-1906թթ. տեղի ունեցան արյունալի բախումներ հայերի և կովկասյան թաթարների («ադրբեջանցի» էթնոանվանումը կիրառության մեջ մտավ միայն 1930-ականներին, դրա փոխարեն ռուսները ադրբեջանցիներին անվանում էին «կովկասյան թաթարներ») միջև։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 1918թ. մայիսին հռչակվեց Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը (այսուհետ՝ ԱԴՀ)։ Այստեղ կարևոր ենք համարում նշել, որ ԱԴՀ-ն կազմավորման առաջին իսկ օրվանից հայտարարեց իր հավակնությունների մասին Ռուսական կայսրության նախկին Բաքվի և Ելիզավետպոլի գավառների տարածքների հանդեպ, ներառյալ Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը։ Իր գոյության ողջ ոչ երկարատև ընթացքում ԱԴՀ-ն փորձում էր իրեն ենթարկեցնել Ղարաբաղը՝ սկզբում թուրքական զորքերի օգնությամբ, իսկ հետո՝ հենվելով Փարիզի 1919-1920թթ. Խաղաղության կոնֆերանսի որոշումների վրա։

 Ընթերցողներին հիշեցնենք, որ 1918թ. սեպտեմբերի վերջին, Բաքվի գրավումից և հայերի կոտորածից հետո, թուրք-ադրբեջանական զորքերը հարձակում սկսեցին հայկական զինված ջոկատների դեմ և հոկտեմբերի 1-ին առանց մարտի մտան Շուշի (նման ողբերգական պատմություն կրկնվեց 2020թ. նոյեմբերին)։ 1919թ. հունվարի 15-ին (Օսմանյան կայսրության կապիտուլյացիայից հետո) բրիտանական օկուպացիոն վարչակազմը՝ գեներալ Ուիլյամ Թոմփսոնի գլխավորությամբ, մինչ վիճելի հարցերի լուծումը Փարիզի խաղաղության կոնֆերանսում, Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի ճակատագրի վերջնական լուծումը թողեց Ադրբեջանին։ Պետք է նաև հատկապես նշել, որ ադրբեջանական կառավարության համառությունը Ղարաբաղի պատկանելության հարցում սրեց ազգամիջյան կոնֆլիկտը և հանգեցրեց 1920թ. մարտի 23-26-ի ողբերգությանը, որը հայտնի է որպես Շուշիի կոտորած։ Ատելության բռնկումն ուղեկցվում էր բռնությամբ կանանց և երեխաների հանդեպ։ Քաղաքի հայկական կեսը փաստացի ջնջվեց երկրի երեսից։

1920թ. ապրիլի 27-ին Բաքվում սկսվեց ընդհատակից դուրս եկած բոլշևիկների ապստամբությունը։ Այդ նույն ժամանակ Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանը հատեցին զրահագնացքներ, և Կարմիր բանակի կանոնավոր զորամասերը մտան Ադրբեջան։ ԱԴՀ կառավարության տապալման գործողությունը և խորհրդային իշխանության հաստատումը Բաքվում կայծակնային էին։

Ընթերցողներին հիշեցնենք, որ դեռևս 1990թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի բարձրագույն գործադիր մարմինը՝ Հեղկոմը, անձամբ Հեղկոմի նախագահ Նարիմանովի ստորագրությամբ, հրապարակում է պաշտոնական հռչակագիր, որում, մասնավորապես, ասվում է. «Զանգեզուրի և Նախիջևանի մարզերն այսուհետ համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավորներին տրվում է ազատ ինքնորոշման լիակատար հնարավորություն։ Դրանից հետո Ադր. ԽՍՀ Խորհուրդը, ուշադրության առնելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանի և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կառավարությունների միջև համաձայնությունները, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի անբաժանելի մաս. «Հայկական Խորհրդային Հանրապետության կառավարության պաշտոնական հայտարարության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կառավարությունների միջև համաձայնությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղն այսուհետ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անբաժանելի մասն է» (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տեղեկատվական բաժին, Բյուլետեն Ա, էջ 13, Երևան, հունիս, 1921թ.)։

Ադրբեջանական հռչակագրից հետո Խորհրդային Հայաստանը նույնպես հռչակագիր է ընդունում, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը մտնում է Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ 1921թ. հուլիսի 4-ին Թբիլիսիում Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կավբյուրոն գումարում է լիագումար նիստ։ Նիստում նորից հաստատվում է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Խորհրդային Հայաստանին։ Սակայն Մոսկվայի պահանջով և անձամբ Ստալինի միջամտությամբ հուլիսի 5-ի գիշերը, առանց արձանագրությանը հետևելու, նախորդ օրվա օրինական որոշումը վերանայվում է և ընդունվում է որոշում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին հանձնելու և նրա տարածքում Լեռնային Ղարաբաղի Հայկական Ինքնավար Մարզ ստեղծելու մասին։ Այդ որոշումը համարվում է կոպտագույն խախտում միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը՝ ՌԿ(բ)Կ-ն, առանց որևէ իրավական հիմքի կամ իրավազորության, միջազգային իրավունքի երկու առանձին սուբյեկտների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն ընդունում է որոշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին («Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Հայաստանի մասն էր դեռևս 1921թ.», Տողերից դուրս, 2019թ. փետրվարի 2, vstrokah.net/istoriya/nagornyj-karabah-ofitsialno-byl-chastyu-armenii/)։

Անցան տարիներ եվ տասնամյակներ, դեռ քանի անգամներ Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողում հեղվեց իրենց նախնիների հողում խաղաղ ապրելու իրավունքը պաշտպանող ղարաբաղցիների արյունը։ Ղարաբաղյան պատերազմը (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր), որ սանձազերծեցին թուրք-ազերիները՝ սիրիական վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ, վերածվեց նոր ողբերգության արցախցիների համար. սպանվեց Արցախի Հանրապետության ավելի քան 5 հազար պաշտպան, ավելի քան 10 հազար մարտիկ և խաղաղ բնակիչ վիրավորումներ ստացան և հաշմվեցին, ավելի քան 40 հազար մարդ զրկվեց օթևանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի 75%-ը զավթվեց նեոօսմանների և նրանց ադրբեջանցի քաղաքական ենթավարպետների կողմից։ Ներկայում ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է իր հավակնությունների մասին Զանգեզուրի, Երևանի և Սևանա լճի հանդեպ։ Թերևս, նրան հիմա էլ հանգիստ չեն տալիս Ղարաբաղի խանության կառավարիչ Իբրահիմ Խալիլ խանի դափնիները (բնականաբար, նրա կառավարման շրջանում, մինչև տրամաբանական և անխուսափելի վերջաբանը)։

Բարիք է, որ եղբայրական դաշնակցային Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական կամք դրսևորեց և, հակառակ թուրք-ազերիական բազեների ղեկավարության՝ նրանց հայ հանցակցի ծույլ դիմադրությամբ, կանգնեցրեց արյունահեղությունը, որը կարող էր վերածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ ազգաբնակչության ցեղասպանության, և ռազմական գործողությունների գոտի մտան ռուս խաղաղապահները։

Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե մոռացել եմ սույն հոդվածը գրելու դրդապատճառի մասին, շտապեմ հայտարարել, որ այդպես չէ։ Մ.Կոլերովի այդ հրապարակման իմաստավորումն էլ հենց իմ առջև միանգամայն կոնկրետ խնդիր դրեց՝ շարադրել Լեռնային Ղարաբաղի պատմական պատկանելության իմ ընկալումը։ Մի տեսակ՝ «Արվեստն արվեստի համար» հայտնի հայեցակարգի քաղաքական իմաստավորման ոգով։ Եվ ահա, աշխարհում ձևավորվող աշխարհաքաղաքական իրադրությունը խիստ հրատապ է դարձնում ոչ թե միջազգային իրավունքի կոնկրետ սուբյեկտին այս կամ այն տարածքի՝ որպես ազգային պետության պատկանելության հայտարարման բուն ձևաչափի խնդիրը, այլ, ըստ իս, հոծ բնակվող ազգային կազմավորումների անվտանգ և խաղաղ բարգավաճման պայմանների ստեղծումը՝ ազգային ինքնության, քաղաքակրթական ավանդույթների և համամարդկային քրիստոնեական արժեքների լիակատար պահպանմամբ։ Նման անվտանգ ապագա Արցախի Հանրապետության համար ես տեսնում եմ միայն Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո։ Իսկ այդ հարցի լուծման ճանապարհը 1991թ. սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացումն է՝ Հադրութի շրջանի, Շուշիի և Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) թուրք-ազերիների զավթած Արցախի այլ տարածքների քաղաքացիների՝ հանրաքվեին մասնակցության ակտիվ ներգրավմամբ։

Վերջաբանի փոխարեն. Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացի կլինի հարցնելու. ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դերն այդ ճակատագրական մոտեցման մեջ (նկատի ունեմ հանրաքվեն), եթե այն ձեռնամուխ լինի իրականացնել Արցախի բնակչությունը։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ տեղեկացնել ընթերցողներին, որ տառացիորեն օրերս լույս տեսավ 2020թ. հունվար – 2021թ. փետրվար իմ հոդվածների, հարցազրույցների և ելույթների ժողովածուն՝ «Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության այլընտրանքը պատերազմն է» ընդհանուր վերնագրով։ Կարծում եմ, որ այդ 998 էջանոց աշխատությունը առաջինից մինչև վերջին հոդվածը արդարացնում և հիմնավորում է ժողովածուի վերնագրի ընտրությունը։ Համոզված եմ, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցությամբ մեր արցախցի եղբայրներն ու քույրերն իրենց ճնշող մեծամասնությամբ երախտագետ կլինեն Նախախնամությանը Արցախի քաջ ու ազատասեր ժողովրդի ճակատագրի հանդեպ ցուցաբերած բարեհաճության համար։

Հոդվածն ավարտելով՝ չեմ կարող անկեղծ երախտագիտություն չհայտնել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանին, որը քանիցս հրապարակավ հայտարարել է մեր ռազմավարական դաշնակցի՝ եղբայրական Ռուսաստանի բացառիկ դերի մասին Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Իր իսկ համոզմունքների հերթական դրսևորումը եղավ Սերժ Սարգսյանի աջակցությունն իմ գրքի հրատարակմանը։ Կցանկանայի նաև երախտագիտություն հայտնել «Տիգրան Մեծ» հրատարակչությանը, նրա անփոփոխ ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վրեժ Վորոնցովի Մարկոսյանին գրքի տպագրական բարձր որակի համար։

Լիահույս եմ, որ իմ ռուս ընկերներն ու գործընկերները Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովում ամառային արձակուրդներից և Պետդումայի ընտրություններից հետո կսատարեն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության անայլընտրանքայնության գաղափարին՝ դրանում տեսնելով հայոց պետականության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ոչ միայն Եվրասիայի տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում խաղաղության գրավականը։

Հ.Գ. Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ դա չանելու հարմար առիթ ներկայացավ։ Ուրախալի է, որ հայկական շահերի դիրքերից օրերս հանդես եկավ ափշերոնյան սուլթանի սրտագորով երկրպագու, ոչ անհայտ Իգոր Կորոտչենկոն։ Նա հուլիսի 30-ին BUDROOO NEWS ինտերնետ-հեռուստատեսության հարցազրույցում «Իգոր Կորոտչենկո։ Հայերին. Ռուսաստանին պետք են դաշնակիցներ, այլ ոչ թե հացկատակներ» հաղորդման մեջ միանգամայն արդարացիորեն քննադատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի քաղաքականությունը երկակիության և Ռուսաստանի հանդեպ նրա ոչ անկեղծ քաղաքականության պատճառով։ Սակայն ինձ մտահոգեց, ավելի շուտ՝ զարմացրեց այլ բան։ Չէ՞ որ Ի.Կորոտչենկոյին պետք է որ հաստատ հայտնի լիներ, որ Ն.Փաշինյանն ու նրա խառնամբոխը իշխանության են եկել ԼԳԲՏ հանրույթի ամենաակտիվ աջակցությամբ։ Ինքը՝ Իգոր Կորոտչենկոն, ինչպես վկայում է Infoteka24.ru ինտերնետ-պարբերականը, բանակից վտարվել է համասեռամոլության համար (տե՛ս infoteka24.ru - 2020/11/04, 74519, «Коротченко выгнали из армии за гомосексуализм – Вячеслав Мальцев» [«Կորոտչենկոյին բանակից վտարել են համասեռամոլության համար – Վյաչեսլավ Մալցև»])։ Եվ ահա, այդ հոդվածում կարդում ենք. «Կորոտչենկոն, որը բոլոր ալիքներով գոռում է բարոյականության և առաքինության մասին, գեյերի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, ինքն է այդպիսիներից մեկը։ Ի դեպ, դա բավական մասնավոր վիճակ է։ Բացի այդ, Մալցևը Կորոտչենկոյին մեղադրել է ուրիշների շահերի սպասարկման մեջ՝ ի վնաս Ռուսաստանի անվտանգության»։

Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, ինտերնետ-հեռուստատեսությամբ Ի.Կորոտչենկոյի բարոյախոսության եթեր հեռարձակման դեպքի մեջ ես դրական տարրեր էլ եմ տեսնում։ Այսպես, մեր օրերում հավաքական Արևմուտքը միաբանվել է Ռուսաստանի դեմ՝ իբր նրա կողմից ԼԳԲՏ-հանրույթի իրավունքների ոտնահարման համար։ Կարծում եմ, որ Ի.Կորոտչենկոյի դեպքում, որը Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքների բավական պոպուլյար և խելացի ծրագրերի մշտական հյուրն է, մենք հակառակի հաստատումն ունենք., դիցուք. ԼԳԲՏ-հանրույթի ներկայացուցիչների ոչ մի ոտնահարում Ռուսաստանում առհասարակ չկա, լա՛վ պարոնայք։ Ասվածի ապացույցը՝ հեռուստահերոս Իգոր Կորոտչենկոն է, որն իրեն թույլ է տալիս հանդես գալ Ռուսաստանի անունից։ Այնպես որ՝ չի սազում եվրապատգամավորներին բարբաջել Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների ճնշումների մասին։

Արտաշես Գեղամյան, ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ