Մակունցին կհաջողվի՞ կյանքի կոչել ԱՄՆ-ից ունեցած սպասելիքները. Բալասանյանը կասկածներ ունի

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը բավականաչափ անելիք ունի հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքով թուրքական ակտիվությունը ճնշելու առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան ահռելի ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում, Իլհամ Ալիևը քայլերը համաձայնեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու առաջ շարժվում նրա հանձնարարականներով։

«ԱՄՆ դեսպանն ամեն ինչ պետք է անի, որ ԱՄՆ–ի դաշնակից Թուրքիան դուրս գա տարածաշրջանից, չխցկվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներ` որպես համանախագահ պետություն, չխաթարի այն փխրուն խաղաղությունը, որ կա Արցախում,և չմիջամտի այն բանակցություններին, որոնք այսօր ընթանում են Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունու մեջ»,-ասաց նա։

Փորձագետը քիչ հավանական է համարում, որ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցին կհաջողվի կյանքի կոչել այս կարևորագույն կետերը։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի նման պետությունում դիվանագիտական փորձ ու կապեր չունեցող մեկին դեսպան նշանակելը նշանակում է` ոչ միայն մեծ ակնկալիքներ չունենալ, այլև հարվածի տակ դնել հայ-ամերիկյան հարաբերությունները։

«Եթե նա գոնե կարողանա պահել այդ հարաբերություններն այնպիսին, ինչպիսին դրանք կան այսօր, ես կհամարեմ, որ Մակունցը կատարել է իր առաքելությունը։ Պետք է աշխատանքներ տանել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գոնե չվատանան»,- նշեց Բալասանյանը։

Փորձագետը հիշեցրեց` նշանակումից առաջ էլ, երբ դեռ խոսակցություններ էին պտտվում Մակունցին դեսպան նշանակելու մասին, տեղի հայկական կազմակերպությունների` Հայ դատի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն էին հայտնել այդ առթիվ։