ՈՒՋԱՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՓԱԿՄԱՆ ՖԻԼՄ Է ԸՆՏՐՎԵԼ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԵՐԿԸՆՏՐԱՆՔ»-Ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 22-29-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կայանալիք «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի փակման ֆիլմն է լինելու ռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» վավերագրությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունից:
Թեպետ Կարեն Գևորգյանը «Երկընտրանք» ֆիլմն ավարտել է 2000 թվականին, Հայաստանում այն ցուցադրվել է ընդամենը 2 անգամ։ Ֆիլմում ընդգրկված են Առաջին արցախյան ազատամարտի տարիներին ու 90-ականների երկրորդ կեսին Գևորգյանի նկարած բացառիկ կադրերը՝ ռազմաճակատից ու հետպատերազմjան կյանքից, որոնց ուղեկցությամբ ռեժիսորը խորհում է հայի ճակատագրի և այն մասին, թե ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, որպեսզի 1990-ականներին հայ ժողովրդի կռած հաղթանակը չփոշիանա։ Հաշվի առնելով 2020 թվականի պատերազմն ու դրա հետևանքները՝ 21 տարի առաջ նկարահանված այս ֆիլմը զարմանալիորեն նույնքան (եթե ոչ ավելի) արդիական է այսօր, որքան ստեղծման պահին էր։
Կարեն Գևորգյանը (ծնվ․ 1941) ռուսաստանցի կինոռեժիսոր և օպերատոր է։ 1960-ականներից ի վեր ծավալած երկարամյա գործունեության ընթացքում նկարահանել է մի քանի տասնյակ ֆիլմ թե՛ խորհրդային, թե՛ անկախ Հայաստանում և Ռուսաստանում, այդ թվում՝ «Չալ շունը, որ վազում է ծովեզրով» հանրահայտ կինոնկարը, որը 1991 թվականին արժանացել է Մոսկվայի XVII կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե սուրբ Գեորգի», «Ֆիպրեսսի»-ի և Էկումենիկ ժյուրիի մրցանակներին, ինչպես նաև հեղինակավոր «Կինոտավր» կինոփառատոնի «Ընտրյալների կինո» մրցույթի գլխավոր պարգևին։
1990-ականներին ներդրում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության մեջ՝ իր ինժեներեկան ընկերության մասնագետների հետ համատեղ նախագծելով և արտադրելով հայկական ամենագնաց ռազմական մեքենայի և հայկական ռազմական օդանավի աշխատող նախատիպերը։
Այժմ ապրում, ստեղծագործում և դասավանդում է Սանկտ Պետերբուրգում։