«Փաստ»․ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Նշված հարցազրույցի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազին՝ Արթուր Վանեցյանի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունները սահմանված կարգով ստուգելու համար։ Այս մասին «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2021 թվականի հուլիսի 21-ին Հանրային հեռուսաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր.

«Մեր թիմակիցներին ազատում են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Մեր թիմակիցներին, որոնք ընտրված համայնքի ղեկավար են, ստիպում են, որ հրաժարական ներկայացնեն»:

Այնուհետ Ա. Վանեցյանը օրինակ էր բերել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջը, որը եղել է «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցը, մարզպետի մակարդակով «կանչել, ասել են՝ դիմում գրի, գնա, որովհետև դու եղել ես «Հայրենիք» կուսակցության աջակից»:

«Փաստը» դիմել է նաև Լոռու մարզի դատախազություն, որտեղից ստացվել է հետևյալ պատասխանը` Քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Հսկող դատախազը մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանն է:

Sputnik Armenia