Հունաստանն այրվում է. հազարավոր բնակիչներ փախուստի են դիմել

Հազարավոր բնակիչներ փախուստի են դիմել անտառային հրդեհից, որը բռնկվել է Աթենքից հյուսիս։ Հարևան Էվիա կղզում ծովափնյա պահպանությունը մասշտաբային գործողություն է իրականացրել պարեկանավակներով և մասնավոր նավերով՝ հարյուրավոր մարդկանց ծովով տարհանելու համար, տեղեկացնում է AP-ը։

Շարունակվող անոմալ շոգի պատճառով հրդեհը հասել է անտառներին Հունաստանի մայրաքաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս՝ էլ ավելի շատ տներ վնասելով։

Երթևեկը Աթենքը Հունաստանի հյուսիսին միացնող երկրի գլխավոր մայրուղում կանգնեցվել է, քանի որ հրշեջները փորձել են ճանապարհն օգտագործել որպես պատնեշ՝ կրակի տարածումը կանգնեցնելու համար։

Առողջապահության մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ մի քանի հրշեջներ և կամավորականներ հոսպիտալացվել են այրվածքների պատճառով։

«Մենք 10 օր է անոմալ շոգի մեջ ենք, որը խոցել է մեր երկիրը, վերջին 30 տարում ինտենսիվությամբ և տևողությամբ ամենաուժեղ շոգի»,- ասել է հրշեջ ծառայության բրիգադավար Արիստոտելիս Պապադոպուլոսը, տեղեկացնում է News.am։