Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԵՄ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ. ՊԱՏՃԱՌԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴՍՏԵՐ ԳՈՐԾՈՎ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉՀԱՅՏՆԵԼՆ Է
Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, այս մասին ահազանգել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը», - նշել է Մելիքյանը։
Իրավապաշտպանը հույս է հայտնել, որ արդարադատության նոր նախարարը շանս ունի ապացուցելու, որ ինքը սպասարկում է պետության ու իրավունքի, այլ ոչ թե «կոնկրետ քաղաքական ուժի կամ կոնկրետ ընտանիքի շահը»։